Երեւան /Մեդիամաքս/. 2008 թվականին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության /ԼՂՀ/ բյուջեն չի ստացել 1,6 մլրդ դրամ` համաշխարհային ճգնաժամի արդյունքում խոշորագուն հարկատուի՝ “Բեյզ Մետալս” ՓԲԸ-ի արտադրության ծավալների կրճատման պատճառով: Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, այդ մասին ասել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը՝ հանդես գալով ԼՂՀ կառավարությանն առընթեր Պետական հարկային ծառայության տարեկան հաշվետու խորհրդակցությանը: Ընդհանուր առմամբ, ԼՂՀ նախագահը դրական է գնահատել գերատեսչության անցած տարվա աշխատանքը: 2008 թվականին պետբյուջեի մուտքերը, տուրքերն ու պարտադիր սոցիալական վճարումները կազմել են 17 մլրդ 271 մլն դրամ. 2007թ. համեմատ մուտքերի աճը կազմել է ավելի քան 3,5 մլրդ դրամ, կամ 25.6 տոկոս: “Շուկայի մասնակիցների համար խաղի տարբեր կանոններն ու երկակի չափանիշները բացառելու նպատակով իրականացված աշխատանքների արդյունքում զգալիորեն բարելավվել են հարկային կարգապահությունն ու հարկային ծառայության մակարդակը, մասնավորապես՝ առեւտրի ոլորտում”,- ընդգծել է Բակո Սահակյանը: ԼՂՀ նախագահը հայտարարել է, որ համակարգի գործունեության բարելավման նպատակով “անհրաժեշտ է հնարավորինս հեշտացնել հարկային վարչարարության գործընթացը, նվազագույնի հասցնել ավելորդ բյուրոկրատական քաշքշուկները, տնտեսվարող սուբյեկտների հետ նորմալ գործընկերային հարաբերություններ հաստատել”: Tweet Դիտում՝ 8998