Փաշինյան. Կրիպտոակտիվների օրենքը կատարյալ չէ, բայց փորձել ենք դարձնել կատարյալ
27.02.2025 | 16:37 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ https://www.gov.am/

Կառավարության նիստին ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը նշել է, որ Հայաստանում զգալի չափով մեծացել է հասարակության ներգրավվածությունը այս ոլորտում:
«Կրիպտոակտիվների ոլորտի ակտիվության հետ միաժամանակ առաջացել են մի շարք ռիսկեր, որոնք մեծամասամբ կապված են հաճախորդների շահերի պաշտպանության բավարար մեխանիզմների բացակայության եւ կրիպտոակտիվների ու դրանց հիմքում ընկած տեխնոլոգիաների ընձեռած հնարավորությունները փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման նպատակով կիրառելու վտանգների հետ: Բացի այդ, կրիպտոակտիվների շրջանառության ծավալների շարունակական աճը կարող է ստեղծել նաեւ ֆինանսական կայունության ռիսկեր»,-ասել է նախարարը:
Վահե Հովհաննիսյանը նշել է՝ անհրաժեշտություն է առաջացել ներդնել կրիպտոակտիվների ոլորտի համապարփակ կարգավորման մոդել, որը հնարավորություն կտա ստեղծել ոլորտի անխափան զարգացման համար անհրաժեշտ նախապայմաններ՝ միաժամանակ նվազեցնելով առկա եւ հնարավոր ռիսկերի բացասական հետեւանքները:
Կարեւորելով օրինագծի ընդունումը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ օրինագիծը կրիպտոարժույթների ոլորտը կարգավորելու առաջին փորձն է.
«Այս կարգավորումը չի լինելու կատարյալ: Փորձել ենք այն մի քիչ էլ դարձնել կատարյալ. այն չի դարձել կատարյալ ու չի դառնալու, բայց մենք պետք է մտնենք՝ ոլորտը կարգավորելու: Խնդիրն այն է, որ պետական կառավարման համակարգը հենց հընթացս պետք է գիտելիք ձեռք բերի կրիպտոարժույթի մասին: Անհրաժեշտ է ոլորտը կարգավորել, հնարավորինս ամբողջական գիտելիք ձեռք բերել կրիպտրոարժույթների մասին եւ պետք է հնարավորինս ամբողջական քաղաքականություն որդեգրել դրա մասին: Սա շատ կարեւոր քայլ է, որը պետք է համարձակորեն եւ վճռական կերպով անել այն տրամաբանությամբ, որ մենք պետք է շարունակենք այս ուղղությամբ մեր աշխատանքները: Այն շատ համակարգային եւ խաչմերուկային թեմա է, որովհետեւ առնչվում է բազմաթիվ հարցերի»:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշել է, որ այլընտրանք չկա եւ պետք է գնալ այս քայլին.
«Սա չանելը ենթադրում է մեծ խոցելիություն եւ՛ ֆիսկալ համակարգի համար, եւ՛ արժութային կարգավորման, եւ՛ վճարահաշվարկային համակարգի համար: Այդ իմաստով ես կարծում եմ, որ այս մեկնարկը ճիշտ է: Ըստ խնդիրների՝ փոփոխություններով, լրացումներով ու լավարկումներով կունենանք այնպիսի կարգավորում, որը որեւէ կերպ չի խոչընդոտելու ոլորտի զարգացումը, բայց նաեւ չի վնասելու մեր գործող կարգավորումների եւ համակարգերի աշխատանքը»:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: