Երեւան /Մեդիամաքս/. ՀՀ կրթության եւ գիտության նախարար Սպարտակ Սեյրանյանն այսօր ծանոթացել է Երեւանի Ա. Շահինյանի անվան մասնագիտացված ֆիզիկամաթեմատիկական դպրոցում «Այբ» կրթական հիմնադրամի կողմից հիմնված քիմիայի եւ ֆիզիկայի ուսումնական լաբորատորիաներին: Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄՍՔՍ գործակալությունը, հիմնադրամի ծրագրերի տնօրեն Դավիթ Սահակյանը լաբորատորիաների բացման արարողությանն ասել է, որ «Այբը» նախարարության հետ իր համագործակցությունը տեսնում է հանրակրթական դպրոցներում ժամանակակից մասնագիտացված լաբորատորիաների ստեղծման «ԱյբԼաբի» փորձի տարածման գործում: Դավիթ Սահակյանն ասել է, որ «ԱյբԼաբ» մոդելը հիմնադրամի մասնագետների մշակումն է՝ ստեղծված նախկին Խորհրդային Միության, ինչպես նաեւ լավագույն արտասահմանյան դպրոցների փորձի ուսումնասիրման հիման վրա: Նրա խոսքերով, «ԱյբԼաբը» թույլ է տալիս վառ գույներ հաղորդել «ձանձրալի առարկաներին» եւ մեծացնել աշակերտների հետաքրքրությունը գիտությունների նկատմամբ: Ներկայումս «Այբն» ակտիվորեն համագործակցում է Ա. Չեխովի անվան դպրոցի եւ Ա. Շիրակացու անվան վարժարանի հետ:ՀՀ կրթության եւ գիտության նախարար Սպարտակ Սեյրանյանն իր հերթին հայտարարել է, որ գերատեսչությունը պետք է պայմաններ ստեղծի մեծ թվով հայկական դպրոցներում «ԱյբԼաբ» մոդելի կիրառման համար: Նրա խոսքերով, շեշտը պետք է դրվի ավագ դպրոցների վրա: Նախարարը տեղեկացրել է, որ մոտ ապագայում Հայաստանում գործելու է շուրջ 150 ավագ դպրոց, եւ դրանցում նման լաբորատորիաների առկայությունը թույլ կտա բարձրացնել կրթության որակն ու մակարդակը: Սպարտակ Սեյրանյանը վստահություն է հայտնել, որ քաղաքական կամքի եւ վճռականության առկայության դեպքում «հարցի ֆինասնական կողմը կմղվի երկրորդ պլան»: Tweet Դիտում՝ 11295