Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջիկայում կհանդիպի գործարար համայնքի ներկայացուցիչներին՝ քննարկելու ոլորտում առկա խնդիրները:«Կառավարման ոլորտում առկա թերությունները բոլորս գիտենք, ոչ ոք դա չի ժխտում: Գործարար համայնքին հուզող շատ հարցերի կառավարության ներկայացուցիչները, ինքս անձամբ առնչվում ենք տարբեր նամակների բերումով: Այդ դիմումների հետ իմ աշխատանքից հանգել եմ եզրակացության, որ տնտեսական գործունեության եւ ներդրումային միջավայրում առկա խնդիրներին եւ հնարավորություններին, կառավարման արդյունավետության բարձրացման եւ բարեփոխումների առաջնահերթություններին Կառավարություն-ԱԺ-ՏԻՄ-Գործարար համայնք համատեղ ձեւաչափով անդրադառնալու եւ համատեղ որոշումներ կայացնելու անհրաժեշտություն կա: Առաջիկայում մտադիր եմ մի նման աշխատաժողով կազմակերպել»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Նիկոլ Փաշինյանը:Աշխատաժողովին կարող են մասնակցել 2024 թվականին 50 մլն դրամ եւ ավելի հարկ վճարած այն ընկերությունների ղեկավարները, որոնք հետաքրքրված են կիսվել գործարարությամբ զբաղվելու «մեր միջավայրը ավելի բարենպաստ դարձնելու իրենց գաղափարներով»: «Հրավիրում եմ նաեւ գործարար, այդ թվում ՓՄՁ համայնքը միավորող կազմակերպությունների ղեկավարներին, որպեսզի քննարկման բերեն աշխատաժողովին ուղղակի մասնակցության հնարավորություն չունեցող իրենց անդամներին հուզող հարցերը»,- գրել է նա: Փաշինյանը հայտնել է, որ աշխատաժողովին մասնակցելու հայտեր ուղարկել մինչեւ փետրվարի 28-ը՝ workshop2025@gov.am էլեկտրոնային փոստի հասցեով՝ նշելով նաեւ առկա խնդիրներին վերաբերող մինչեւ 3 հարց, որոնցից առավել հիշատակվածները կդառնան աշխատաժողովի օրակարգի մաս: Փաշինյանը նշել է, որ աշխատաժողովը կհրավիրվի ապրիլին: Tweet Դիտում՝ 2947