Մաքսային բարեփոխումների շրջանակում 2025 թվականի հունվարից մաքսային մարմնում մեկնարկել է «Ծանուցման» էլեկտրոնային համակարգի ամբողջական ներդրման գործընթացը։ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2025 թվականին հունվարի 31-ից «Ծանուցման» էլեկտրոնային համակարգը կգործարկվի նաեւ Գյումրի, Վանաձոր եւ Սիսիան քաղաքներում գտնվող մաքսային սպասարկման սրահներում։ «Այսինքն, ապրանքների հայտարարագիր ներկայացնելուց հետո Գյումրիի, Վանաձորի եւ Սիսիանի մաքսային սպասարկման սրահներ ֆիզիկապես այցելելու անհրաժեշտություն այլեւս չկա, քանի որ այդ սրահներում եւս ապրանքների հայտարարագրերի սպասարկումը կիրականացվի հեռավար եղանակով՝ «Ծանուցման» էլեկտրոնային համակարգի միջոցով: Ապրանքների հայտարարագիրը ներկայացվելուն պես մաքսային ծառայողն ինքնաշխատ համակարգի միջոցով անմիջապես կստանա էլեկտրոնային ծանուցում` հայտարարագրի ներկայացված լինելու վերաբերյալ եւ կիրականացնի անհրաժեշտ մաքսային գործառնությունները։ Այնուհետեւ ապրանքների բացթողնման վերաբերյալ հայտարարատուն կամ վերջինիս ներկայացուցիչն էլեկտրոնային եղանակով կստանան ծանուցում: Միաժամանակ, ապրանքների հայտարարագրի գծով իրականացվող մաքսային գործառնությունների ժամանակ լրացուցիչ փաստաթղթերի կամ տեղեկությունների ճշտման անհրաժեշտության դեպքում մաքսային ծառայողները հայտարարատուների հետ նույնպես շփվելու են տվյալ էլեկտրոնային համակարգի միջոցով»,- ասվում է ՊԵԿ հաղորդագրությունում: Tweet Դիտում՝ 2301