Երեւան /Մեդիամաքս/. Հայաստանը շահագրգռված է փոքր ավիացիայի շուկայում տեղական ավիաընկերությունների ի հայտ գալով, Մեդիամաքսի հետ հարցազրույցում ասել է ՀՀ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության /ՔԱԳՎ/ աշխատակազմի ղեկավար Սահակ Հակոբյանը: Նրա խոսքերով, փոքր ավիացիան զերծ է օտարերկրյա հզոր ավրաընկերությունների մրցակցությունից եւ կարող է զարգանալ` ելնելով ներքին պահանջարկից: “Մենք, անկասկած, շահագրգռված ենք ՀՀ փոքր ավիացիայի շուկայում օտարերկրյա ներդրողների ներգրավմամբ, սակայն ոչ թե արտասահմանյան ավիափոխադրողների կողմից շուկայի գրավման, այլ` ենթակառուցվածքում եւ տեղական ընկերություններում ներդրումների տեսքով”,- ասել է Սահակ Հակոբյանը: Մեկնաբանելով կարծիքներն այն մասին, որ ազգային օպերատորի առկայությունը խոչընդոտում է շուկայի լիարժեք զարգացմանը, Սահակ Հակոբյանն ասել է, որ հակառակ դեպքում Հայաստանում հարյուրավոր աշխատատեղեր կփակվեն, եւ հենց այդ պատճառով կառավարությունը փորձում է խուսափել օտարերկրյա ընկերությունների կողմից ինչպես մեծ, այնպես էլ փոքր ավիացիայի շուկաների ամբողջական գրավումից: ՔԱԳՎ պետի խորհրդական Գրիգոր Նազարյանը Մեդիամաքս գործակալության հետ հարցազրույցում իր հերթին ասել է, որ Հայաստանում փոքր ավիացիայի զարգացումը կնպաստի գյուղատնտեսության, զբոսաշրջության, հանքարդյունաբերական համալիրի զարգացմանը, կօգնի գիտահետազոտական եւ որոնողափրկարարական աշխատանքների իրականացմանը: Գրիգոր Նազարյանի խոսքերով, 2009 թ-ին կմշակվեն կանոններ, որոնք թույլ կտան հեշտացված կարգով ստանալ ինքնաթիռների օգտագործման իրավունք եւ թռիչք կատարելու թույլտվություն` ավիացիոն անվտանգության միջազգային նորմերի ներմուծմամբ եւ դրանց կատարման նկատմամբ հսկողության ապահովմամբ: Գրիգոր Նազարյանը նաեւ տեղեկացրել է, որ փոքր ավիացիայի զարգացմանն ուղղված միջոցառումների շրջանակներում իրականացվելու է հին օդանավակայանների վերանորոգում եւ նորերի կառուցում` մասնավոր ներդրումների ներգրավմամբ, կազմվելու են Հայաստանի մանրամասն ավիացիոն թվային քարտեզներ, լեռնագագաթների, էլեկտրափոխանցման կառույցների եւ լարերի վրա տեղադրվելու են ազդանշանային լույսեր, ստեղծվելու են օդերեւութաբանական ուսումնասիրությունների կետեր եւ կազմակերպվելու են սիրողական օդաչուների նախապատրաստական դասընթացներ: Մեդիամաքս գործակալությունը նշում է, որ այս տարվա հունվարի 8-ին կառավարությունը հաստատել է ՀՀ փոքր ացիացիայի զարգացման հայեցակարգը: ՀՀ ՔԱԳՎ պետ Արտեմ Մովսիսյանը նշել է, որ հայեցակարգի նպատակը ՀՀ մարզերի տնտեսական ներգրավվածության եւ դինամիկ կապի ապահովումն է: Tweet Դիտում՝ 13069