Փաշինյան. «Մենք մեր տնտեսական մոդելը պետք է ունենանք»

13.01.2025 | 09:53 Գլխավոր էջ / Նորություններ /

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ նախագահ Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ հունվարի 11-ին Իջեւանում տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված Հայաստանի տնտեսության զարգացման հեռանկարներին:

Կառավարությունից հայտնում են, որ քննարկվել են գլոբալ արժեշղթաներում ներգրավվածությանը, արտաքին առեւտրի դիվերսիֆիկացմանը, արտահանման կենտրոնացվածությանը ըստ ապրանքների, բիզնեսի աջակցության գործիքների, կապիտալի շուկայի զարգացմանը, ներդրումների մակարդակի ավելացմանը, կապիտալ ծախսերին, ենթակառուցվածքների զարգացմանը, արտադրողական աճի ապահովմանը վերաբերող հարցեր:

Անդրադարձ է կատարվել տնտեսական կայուն աճի ապահովմանը, ներառական տնտեսական աճի ապահովմանը, պետական ծառայությունների թվայնացմանը, տարբեր ոլորտների զարգացմանը վերաբերող թեմաների:

«Երբ ավելի ու ավելի փորձում ես խորը հասկանալ աշխարհաքաղաքականությունը, հասկանում ես, որ դրա հիմքում ընկած է տնտեսությունը, իսկ տնտեսության հիմքում ընկած է յուրաքանչյուր քաղաքացու բարեկեցության անհրաժեշտությունը, որովհետեւ պետությունները կայանում են իրենց քաղաքացիների բարեկեցությունով: Բացարձակապես ամեն ինչ, ինչ անում են պետությունները` ծառայում են իրենց քաղաքացիների բարեկեցության համար: Հակառակ դեպքում պետությունն իմաստ չունի: Եվ բարեկեցության անհրաժեշտության վրա է կառուցվում մնացած բոլոր քաղաքականությունները», - ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը կարեւորել է այդ ընկալումները, որովհետեւ պետք է այդ պրոցեսները գենետիկ մակարդակից հասկանալ, որպեսզի կարողանանք հընթացս ճիշտ կարգավորել մեր գործողությունները:

«Վերջին ամիսներին մեր տնտեսական թիմը Հանրապետության նախագահի գլխավորությամբ այս թեմայի շուրջ բավականին ծավալուն աշխատանք է իրականացրել»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Ամփոփելով քննարկման արդյունքները` վարչապետը նկատել է, որ ներկաների մի քանի ելույթներում բարձրացվել է գաղափարախոսական հարցը եւ նշել, որ տնտեսության մասին քննարկումներ անելիս՝ գաղափարախոսական հարցը հաճախ բաց է թողնվում:

«Կոմունիստական գաղափարախոսությունն ունի տնտեսական իր մոդելը, սկանդինավյան սոցիալիզմի տեսությունն ունի իր մոդելը, կա ամերիկյան մոդելը, եւ կարծում եմ, որ մենք էլ մեր մոդելը պետք է ունենանք, որը հիմնված լինի քաղաքական գաղափարախոսության վրա»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Դիտում՝ 887
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW