Հարկային օրենսգրքի փոփոխություններով պայմանավորված` 2025 թվականի հունվարի 1-ից կգործարկվի հարկային պարտավորությունների հաշվառման նոր՝ անձնական հաշվի քարտի համակարգը։Պետական եկամուտների կոմիտեն հարկ վճարողներին տեղեկացնում է, որ նոր անձնական հաշվի քարտի համակարգում կատարվել են մի շարք փոփոխություններ, որոնք «միտված են հարկ վճարողների համար պարզեցնելու եւ ավելի համակարգված դարձնելու հարկային պարտավորությունների հաշվառման գործընթացը»:Կգործեն հարկային պարտավորությունների առանձնացված հաշվառման կարգավորումներ, որով պայմանավորված՝ գործող մեկ անձնական հաշվի քարտի փոխարեն կգործի երկու տարբեր քարտ։ Հաշվարկներով առաջացած պարտավորությունները կհաշվառվեն հարկատեսակների անձնական հաշվի քարտում, իսկ վարչական ակտի պարտավորությունները` վարչական ակտի անձնական հաշվի քարտում։2025 թվականից վարչական ակտով առաջացած պարտավորությունների մարման համար անհրաժեշտ է վճարումը կատարել 900008000771 վարչական ակտերի միասնական հաշվին, իսկ հաշվարկներով առաջացած հարկային պարտավորությունների մարման համար՝ գործող 900008000490 հարկատեսակների միասնական հաշվին։Հարկ վճարողները հնարավորություն կունենան ինքնուրույն որոշել հարկատեսակների պարտավորությունների մարման առաջնահերթությունը՝ մինչեւ տվյալ հարկատեսակի վճարման վերջնաժամկետը։ Հարկային պարտավորությունների ճշտումները հարկատեսակների անձնական հաշվի քարտերում կհաշվառվեն դելտայով` ճշտված եւ նախորդ հաշվարկի տարբերության չափով։ 2025 թվականից ԵԱՏՄ անդամ պետություններից ապրանքների ներմուծման մասով ԱԱՀ-ի հաշվանցումը կիրականացվի ներմուծման օրը ներառող հաշվետու ամսում, եթե ներմուծման համար փաստաթղթերը հարկային մարմին կներկայացվեն ու ԱԱՀ-ի գումարները կվճարվեն ներմուծման ամսում։ Նշվում է, որ նոր համակարգի ներդրմամբ պայմանավորված՝ 2024 թվականի դեկտեմբերի 31-ից 2025 թվականի հունվարի 5-ն ընկած ժամանակահատվածում հասանելի չեն լինի ՊԵԿ հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգը, Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգը, տաքսի ծառայության My Tax հավելվածի ամսական հայտարարություն ներկայացնելու հնարավորությունը։ Անհատական հաշվի տեղեկատվական պորտալը հասանելի չի լինի 2024 թվականի դեկտեմբերի 31-ից 2025 թվականի հունվարի 15-ը, ուստի այդ ժամանակահատվածում ֆիզիկական անձինք չեն կարող ներկայացնել հիփոթեքային վարկի գծով եկամտային հարկի վերադարձի դիմումը։ Հարկ վճարողների համար նշված ժամանակահատվածում մշտապես հասանելի կլինեն Հաշվարկային փաստաթղթերի դուրս գրման e-invoicing եւ ՀԴՄ համակարգերը։ Tweet Դիտում՝ 887