Տաթեւիկ Սիմոնյանն ընտրվել է միջազգային PR ասոցիացիայի՝ IPRA-ի Տնօրենների խորհրդի անդամ

06.12.2024 | 14:28 Գլխավոր էջ / Նորություններ /
Հասարակայնության հետ կապերի միջազգային ասոցիացիան (IPRA) հայտարարել է իր նորընտիր խորհրդի կազմը, որում ներգրավված փորձառու մասնագետների խումբը կառաջնորդի կազմակերպությունը 2025-2026 թթ-ին։

Հայաստանից Տաթեւիկ Սիմոնյանն ընտրվել է խորհրդի կազմում եւ կներկայացնի Արեւմտյան Ասիայի եւ Մերձավոր Արեւելքի տարածաշրջանը։

IPRA-ն կառավարում է Տնօրենների խորհուրդը, որն իր հերթին ղեկավարվում է խորհրդի կողմից ընտրված նախագահի կողմից, եւ գործում կազմակերպության սահմանած կանոնակարգերի հիման վրա։

Նորընտիր խորհրդում են Ալան Գրոսբարդը (Ավստրալիա), Անն-Գրետ Իտուրիագա Աբարզուան, (Ավստրիա), Տաթեւիկ Սիմոնյանը (Հայաստան), Դանիել Սիլբերհորնը (Գերմանիա), Ելենա Ֆադեեւան (ԱՄԷ), Էնրիկ Օրդեյշը (Իսպանիա), Էսրա Չիզմը (Մեծ Բրիտանիա), Ֆաիսալ Զահրանին (Սաուդյան Արաբիա), Ժաքլին Փարսելը (Մեծ Բրիտանիա), Ջիմ ՄաքՔուինին (ԱՄՆ) եւ Սվետլանա Ստավրեւան (Բուլղարիա)։

Խորհրդի անդամներն ընտրվում են տարածաշրջանային քվեարկությունների եւ ոլորտում ունեցած իրենց փորձի հիման վրա, ինչն ընդգծում է համաշխարհային PR ինդուստրիայում գերազանցության ձգտելու եւ նորարարությունը խթանելու IPRA-ի հանձնառությունը։

IPRA-ի գլխավոր քարտուղար Ֆիլիպ Շեփարդը, անդրադառնալով խորհրդի նոր կազմին, նշել է. «Մեր 2025-2026թթ. Տնօրենների խորհրդում փորձառու PR մասնագետներ են աշխարհի 13 երկրից։ Նրանցից ոմանք, օրինակ, մեր խորհրդի հայ անդամը, պատասխանատու են իրենց տարածաշրջանի համար, իսկ մյուսները PR-ում իրենց փորձն են ներդնում նեղ մասնագիտացման խմբերում»։

IPRA-ի խորհուրդը հանդիպում է տարին երեք անգամ, ինչպես նաեւ ամենամսյա աշխատանքային քննարկումներ ծավալում առցանց ձեւաչափով։ Խորհրդի նիստերը համընկնում են IPRA-ի տարեկան միջոցառումների հետ, ինչպիսիք են Golden World Awards մրցանակաբաշխության ժյուրիի կողմից հայտերի գնահատումը, մրցանակաբաշխության արարողությունն ու գալա ընթրիքը։
Տաթեւիկ Սիմոնյանը, IPRA-ի խորհրդի նոր կազմին շնորհավորելով, նշել է.  

«IPRA-ի նման հեղինակավոր միջազգային կառույցի Տնօրենների խորհրդում ընտրվելը պատիվ ու մեծ պատասխանատվություն է։ Սա Հայաստանը համաշխարհային հարթակում ներկայացնելու եւ ամբողջ աշխարհում հաղորդակցության ոլորտի զարգացմանը նպաստելու իմ մասնագիտական առաքելության կարեւոր ձեռքբերումներից է: IPRA-ի 70-ամյա պատմության մեջ Հայաստանից տարածաշրջանի առաջին ներկայացուցիչը լինելը նաեւ ընդգծում է մեր աճող դերակատարումը համաշխարհային PR միտումների ձեւավորման գործում: Վստահ եմ՝ այս դերը ոչ միայն կընդլայնի համագործակցությունը, այլեւ որպես խթան կծառայի Արեւմտյան Ասիայի եւ Մերձավոր Արեւելքի PR մասնագետների հզորացման համար՝ նրանց ձայնը լսելի դարձնելով միջազգային հարթակներում»:

Հասարակայնության հետ կապերի միջազգային ասոցիացիան (IPRA) հիմնադրվել է 1955 թվականին եւ PR մասնագետների գլոբալ առաջատար ցանցն է՝ ընդգրկելով մասնագետներ աշխարհի շուրջ 95 երկրից։ IPRA-ի գործունեությունը միտված է խթանելու էթիկական եւ վստահելի հաղորդակցությունները` միաժամանակ նպաստելով մասնագիտական զարգացմանն ու նորարարությանը հանրային կապերի ոլորտում:

IPRA-ն հասարակայնության հետ կապերի ոլորտում ամենամյա ամենախոշոր միջազգային մրցանակաբաշխության՝ Golden World Awards for Excellence (GWA) կազմակերպիչն է: GWA մրցանակաբաշխության հաղթողները PR-ոլորտում լավագույն մասնագետներն ու նրանց նախագծերն են:

GWA-ն նաեւ շնորհում է Global Contribution Award՝ ՄԱԿ-ի Կայուն զարգացման 17 նպատակներին համահունչ հաղորդակցային արշավների համար, իսկ Grand Prix for Excellence մրցանակը շնորհվում է տարվա ամենաօրինակելի արշավին։

Հատկանշական է, որ SPRING PR-ը հաջողությամբ կազմակերպել է Golden World Awards 2019 մրցանակաբաշխությունը Երեւանում՝ Հայաստանում հյուրընկալելով ավելի քան 50 երկրի 120 առաջատար փորձագետների, բարձրաստիճան ղեկավարների եւ կառավարության ներկայացուցիչների։

***

Տաթեւիկ Սիմոնյանը SPRING PR-ի համահիմնադիրն է, Doing Digital Forum-ի հիմնադիրը։ Նա նաեւ Դավոսի Համաշխարհային հաղորդակցության ֆորում ասոցիացիայի (WCFA) խորհրդի եւ Ամերիկայի հասարակայնության հետ կապերի ասոցիացիայի (PRSA) անդամ է։

Իր փորձի ու առաջնորդության շնորհիվ Տաթեւիկ Սիմոնյանը կարեւոր դերակատարում ունի  ռազմավարական հաղորդակցությունների միջազգային հանրույթում՝ նպաստելով տարածաշրջանում միջազգային փորձի կիրառմանն ու էթիկական հաղորդակցություններ վարելու պրակտիկաների ներդրմանը։ Նա նաեւ IPRA Golden World Awards (GWA) հեղինակավոր միջազգային մրցանակաբաշխության ժյուրիի անդամ է եւ իր ներդրումն ունի համաշխարհային լավագույն հաղորդակցային արշավների բացահայտման եւ ճանաչման գործում։

Մրցանակներ

●    Ճանաչվել է 2022 թվականի «Տարվա համաշխարհային PR առաջնորդ» (Նյու Դելի, Հնդկաստան)
●    Ընդգրկվել է 2022 թվականի հաղորդակցության 50 ազդեցիկ կին առաջնորդների թվում՝ exchange4media PR & Corporate Communications Women Achievers Summit-ի կողմից։

Կորպորատիվ մրցանակներ

●    WCFA Digital PR Awards 2021-ի հաղթող՝ Milk is Love հաղորդակցային արշավի համար
●    IPRA Golden World Awards 2021-ի դափնեկիր՝ «Համերի ճանապարհ» արշավի համար
●    Global Host Award՝ IPRA Golden World Awards միջոցառումը եւ արշավը Հայաստանում բարձր մակարդակով կազմակերպելու համար
●    Ժյուրիի հատուկ մրցանակ Eventiada IPRA Golden World Awards 2018-ում Գինեսի ռեկորդների գրքում The Longest Gata նախագծի գրանցման համար
●    C4F Davos Awards 2017 մրցանակի դափնեկիր՝ «Լինենք հոգատար Հայաստան» (Let’s Care Armenia) ԿՍՊ արշավի համար:
Դիտում՝ 7869
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW