Երեւան /Մեդիամաքս/. Այսօրվա նիստում ԿԲ խորհուրդը իջեցրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով` սահմանելով այն 7.00%:2008 թ. դեկտեմբերին նոյեմբերի նկատմամբ արձանագրվել է 0.1% գնաճ, որի պարագայում 12-ամսյա գնաճը նվազել է շուրջ 1.4 տոկոսային կետով եւ կազմել 5.2%` ապահովելով գնաճի նպատակային թիրախը, հայտնեցին ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին ԿԲ մամլո ծառայությունում:ԿԲ խորհուրդը արձանագրեց, որ դեկտեմբեր ամսվա ընթացքում արտաքին գնաճային ճնշումները շարունակել են թուլանալ` պայմանավորված համաշխարհային տնտեսական աճի տեմպերի կրճատման պահպանվող միտումներով: Այս զարգացումները շարունակել են արտահայտվել պարենային և ոչ պարենային ապրանքների ներքին շուկաներում` հանգեցնելով ընդհանուր գնաճի տեմպերի էական նվազման: Խորհուրդը միակարծիք է, որ չնայած արտաքին և ներքին հետագա զարգացումներում առկա անորոշություններին, համաշխարհային պահանջարկի կրճատման հետևանքով ձևավորված արտաքին գնանկումային միջավայրը և վերջինիս ազդեցությունը ներքին գների վրա պահպանվելու է նաև կանխատեսվող ժամանակահատվածի ընթացքում, որի պարագայում գնաճի տեմպերի նվազումը կրելու է շարունակական բնույթ: Այս պարագայում ԿԲ խորհուրդը նպատակահարմար է գտնում շարունակել դրամավարկային պայմանների թուլացման քաղաքականությունը` նպաստելով նաև երկարաժամկետ հատվածում տնտեսական աճի տեմպերի պահպանմանը: Tweet Դիտում՝ 12655