Հոկտեմբերի 8-ին Երեւանի պետական համալսարանում տեղի է ունեցել Տնտեսագիտության եւ կառավարման ֆակուլտետի պատմության ամենակարեւոր գիտաժողովներից մեկի հանդիսավոր բացումը։«Փոխակերպվող տնտեսություն. թվային տեխնոլոգիա, տարածական անհամամասնություններ եւ կյանքի որակ» խորագրով միջազգային եռօրյա գիտաժողովը մասն է կազմում Ֆակուլտետի 90-ամյակի հոբելյանական միջոցառումների, որոնց գլխավոր հովանավորը Բիբլոս Բանկ Արմենիան է։Գիտաժողովի նպատակն է ստեղծել հարթակ նորարարական հետազոտությունների արդյունքների ներկայացման համար՝ նպաստելով աշխարհի գիտակրթական տարբեր հաստատությունների եւ փորձագետների միջեւ գործակցային կապերի ամրապնդմանը։Գիտաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել Հարվարդի, Կորնելի, Սորբոնի, Մոսկվայի Մ. Լոմոնոսովի, Սանկտ-Պետերբուրգի համալսարանների, Հարվարդի բիզնես դպրոցի եւ բարձր վարկանիշ ունեցող այլ առաջատար համալսարանների շուրջ 40 անվանի գիտնական ավելի քան 19 երկրից:Միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, Տնտեսագիտության եւ կառավարման ֆակուլտետի դեկան Կառլեն Խաչատրյան, ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը, Բիբլոս Բանկ Արմենիա ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Ստեփանյանը։Հայկ Ստեփանյանի խոսքով՝ ֆակուլտետի ներդրումը Հայաստանի տնտեսության մեջ անգնահատելի է։ «90 տարվա ընթացքում Տնտեսագիտության եւ կառավարման ֆակուլտետը պատրաստել է տնտեսագետների, քաղաքականություն մշակողների, բիզնես առաջնորդների սերունդներ, որոնք նշանակալի դեր են ունեցել Հայաստանի տնտեսության զարգացման գործում: Հույս ունեմ, որ այս համաժողովի քննարկումները ոչ միայն նորարարական գաղափարներ կգեներացնեն, այլեւ կխթանեն համագործակցությունը տարբեր երկրների համալսարանների միջեւ: Հուսով եմ նաեւ, որ այս գիտաժողովը կոգեշնչի Երեւանի պետական համալսարանի ուսանողներին իրենց ակադեմիական եւ մասնագիտական ուղին հաղթահարելիս: Բիբլոս Բանկ Արմենիան պատրաստ է շարունակել աջակցել Ֆակուլտետին եւ նմանատիպ նախաձեռնություններին, քանի որ մենք խորապես հավատում ենք, որ ակադեմիական կրթության եւ ոլորտի միջեւ համագործակցությունը կարեւոր է կայուն աճի համար»,- նշել է Հայկ Ստեփանյանը:Ֆակուլտետում հոբելյանական տարին բուռն է լինելու։ Գիտաժողովից բացի, սպասվում են մի շարք կարեւոր միջոցառումներ եւս, այդ թվում՝ հանդիսավոր նիստ, ինչպես նաեւ Ֆակուլտետի 90-ամյա հարուստ պատմությունը ամփոփող նկարազարդ գիրք-ալբոմի հրատարակում եւ ֆակուլտետի մասին տեսաֆիլմի ստեղծում։ Tweet Դիտում՝ 3403