ԿԲ. Բարձր տնտեսական ակտիվությունը Հայաստանում պահպանվել է

10.09.2024 | 13:51 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԿԲ #ՏԱՑ #գնաճ
Հայաստանի կենտրոնական բանկի խորհուրդը որոշել է իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 7.50%:

Խորհուրդը գնահատում է, որ ավելի ցածր վերաֆինանսավորման տոկոսադրույքն անհրաժեշտ է միջնաժամկետում գնաճի 4% մակարդակի եւ գների կայունության նպատակի իրագործման համար:



2024 թվականի երրորդ եռամսյակի ընթացքում 12-ամսյա գնաճը շարունակել է պահպանվել նպատակային ցուցանիշից ցածր մակարդակում՝ օգոստոսին կազմելով 1.3%: 12-ամսյա բնականոն գնաճը եւս պահպանվել է ցածր մակարդակում՝ հուլիսին կազմելով 0.3%:

«2024 թ-ի երրորդ եռամսյակում համաշխարհային եւ Հայաստանի հիմնական գործընկեր երկրներում տնտեսական աճի դանդաղման ռիսկերը պահպանվել են:

Համաշխարհային գնաճը շարունակում է դանդաղել, սակայն գործընկեր երկրներում կոշտ գներով բնութագրվող ապրանքների եւ ծառայությունների գները դեռեւս մնում են հարաբերականորեն բարձր: Տարեսկզբից Մերձավոր Արեւելքում ստեղծված աշխարհաքաղաքական խնդիրները, ինչպես նաեւ միջազգային առեւտրային հարաբերություններում աճող լարվածությունը որոշակի ռիսկեր են առաջացրել առաջարկի արժեշղթաների հնարավոր խաթարման եւ միջազգային ապրանքահումքային շուկայում գների տատանողականության ավելացման տեսանկյունից: Միաժամանակ գործընկեր երկրներում աշխատաշուկայի պայմանների որոշակի թուլացումը վկայում է պահանջարկի միջավայրի կայունացման միտումների մասին: Այս համատեքստում հավանական է, որ գործընկեր երկրների կենտրոնական բանկերն առաջիկայում կդիտարկեն դրամավարկային պայմանների աստիճանական թուլացում՝ դեռեւս պահպանելով զսպող դիրքը: Արդյունքում՝ արտաքին հատվածից թույլ գնանկումային ազդեցությունները ՀՀ տնտեսության վրա կպահպանվեն:

2024 թ-ի երրորդ եռամսյակում Հայաստանում պահպանվել է բարձր տնտեսական ակտիվություն, որին մեծապես նպաստել է շինարարության եւ առեւտրի ճյուղերի զգալի աճը: Վերջինս շարունակում է կրել որոշ կարճաժամկետ գործոնների ազդեցությունը՝ պարունակելով էական անորոշություններ տնտեսական աճի կայունության, երկարաժամկետ հեռանկարի, ինչպես նաեւ ներքին պահանջարկի եւ սպառման հետագա միտումների վերաբերյալ: Ծառայությունների նկատմամբ արտաքին պահանջարկը 2023 թ-ի համեմատությամբ դանդաղում է, իսկ հարկաբյուջետային քաղաքականության կողմից պահանջարկի լրացուցիչ խթանման ռիսկերը շարունակում են մնալ առարկայական։

Միաժամանակ, աշխատաշուկայի պայմանները որոշակիորեն մեղմվում են՝ արտահայտվելով աշխատավարձերի եւ կոշտ գներով բնութագրվող ծառայությունների գնաճի որոշակի կայունացմամբ:

Բարձր անորոշության պայմաններում, հաշվի առնելով գների կայունության նպատակին հասնելու իր հանձնառությունը, Խորհուրդն իր քննարկումների ընթացքում դիտարկում է բազմաթիվ սցենարներ: Մի կողմից, Խորհուրդը քննարկել է սցենարներ, որոնց հիմքում ընկած զարգացումները, այդ թվում՝ երկրի ռիսկի հավելավճարի եւ չեզոք տոկոսադրույքի հետ կապված անորոշությունները պահանջում են քաղաքականության՝ շուկայական սպասումների համեմատությամբ ավելի կոշտ արձագանք՝ գների կայունության նպատակի ապահովման նպատակով։ Մյուս կողմից, Խորհուրդը քննարկել է սցենարներ, որտեղ հնարավոր տնտեսական զարգացումները, այդ թվում՝ աշխատաշուկայի պայմանների հնարավոր թուլացմամբ ուղեկցվող թույլ պահանջարկի միջավայրի ձեւավորման ռիսկերը կարող են հանգեցնել գնաճի՝ ցածր մակարդակում երկար պահպանմանը: Վերջինս ենթադրում է քաղաքականության տոկոսադրույքի՝ շուկայի սպասումների համեմատությամբ ավելի արագ եւ մեծ չափով նվազման ուղի՝ միջնաժամկետ հորիզոնում գնաճը նպատակային ցուցանիշի շուրջ կայունացնելու համար:

Արդյունքում՝ հավասարակշռելով վերը նշված երկու ուղղությամբ ռիսկերը՝ ՀՀ ԿԲ խորհուրդը որոշեց շարունակել տոկոսադրույքների՝ դանդաղ տեմպերով աստիճանական նվազեցումը։ Խորհուրդը կշարունակի մշտադիտարկել տնտեսության զարգացման սցենարները եւ պատրաստ է ձեռնարկելու համարժեք գործողություններ՝ միջնաժամկետ հորիզոնում գնաճի 4% մակարդակի եւ գների կայունության նպատակի ապահովման համար»,- ասված է ԿԲ հաղորդագրությունում:
Դիտում՝ 1508
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW