Փաշինյան. Քաղաքացիներին չենք կարողանում քաջալերել, որ ավելանան ոչխարաբուծության ծավալները

22.08.2024 | 16:04 Գլխավոր էջ / Նորություններ /
#Անասնաբուծություն #մեղվապահություն
Կառավարությունը հաստատել է Հայաստանում անասնաբուծության խթանման ծրագրերը:

Կառավարության նիստի ժամանակ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը նշել է, որ ծրագիրը բաղկացած է 3 ենթածրագրից:

Առաջինը՝ «Ոչխարաբուծության եւ այծաբուծության զարգացման 2024-2028թթ. ծրագիրն» է, որի նպատակն է տնտեսավարողների կողմից ձեռք բերվող 10000 գլուխ տոհմային մանր եղջերավոր կենդանիների համար պետական միջոցներից հատկացնել ձեռք բերված կենդանիների արժեքի 50%-ի չափով փոխհատուցում:

Երկրորդը՝ «Մթերատվության բարձրացման փորձնական ծրագիրն» է, որի կարգավորման նպատակն է Արագածոտնի, Գեղարքունիքի, Սյունիքի եւ Տավուշի մարզերում 2024-2025թթ. իրականացնել փորձնական ծրագիր՝ կովերի արհեստական սերմնավորման գործընթացի միջոցով բարելավելով տավարի տոհմային հատկանիշները եւ բարձրացնելով կենդանիների մթերատվությունը։ Ծրագրով նախատեսվում է սուբսիդավորել կովերի արհեստական սերմնավորման ծախսերի շուրջ 70%-ը՝ յուրաքանչյուր սերմնավորման համար պետական միջոցներից հատկացնելով 10000 դրամ:

Երրորդը՝ «Մեղվաբուծության զարգացման փորձնական ծրագիրն» է, որի նպատակն է ՀՀ մարզերում խթանել մեղվաբուծությունը՝ պետության կողմից տրամադրելով 10000 մեղվաընտանիքների ձեռքբերման արժեքի 50%-ը։

«1-ին ծրագրի իրականացման արդյունքում 2024-2028-ի ընթացքում ՀՀ կներկրվի 10000 գլուխ ոչխարի եւ այծի համաշխարհային լավագույն ցեղերի տոհմային կենդանիներ, որոնք կօգտագործվեն տեղական ցեղերի տոհմային եւ մթերատու հատկանիշները բարելավելու նպատակով: Ներկրված ցեղերի գենետիկական ներուժի օգտագործման շնորհիվ տեղական ցեղերի ոչխարների պտղատվությունը կբարձրանա 20%-ով, կենդանի զանգվածը՝ շուրջ 15 կգ-ով, իսկ այծերինը՝ 6-7 կգ-ով: Ընդհանուր առմամբ, գրեթե 25%-ով կավելանան ոչխարաբուծությունից եւ այծաբուծությունից ստացվող արտադրանքի ծավալները կամ տարեկան լրացուցիչ կարտադրվի շուրջ 3,5 մլրդ ՀՀ դրամ արժեքով ոչխարաբուծական եւ այծաբուծական արտադրանք:

2-րդ ծրագրի իրականացումը թույլ կտա նշված մարզերում լիարժեք կազմակերպել տավարի վերարտադրությունը եւ բարձրարժեք կենդանիներով համալրել տավարի նախիրները, ինչի շնորհիվ կովերի միջին կաթնատվությունը կավելանա գրեթե 1100 կգ-ով եւ կկազմի շուրջ 3600 կգ, իսկ բտվող տավարի միջին կենդանի զանգվածը կավելանա գրեթե 30 կգ-ով՝ հասնելով 350 կգ-ի։

3-րդ ծրագրով ՀՀ մարզերը կհամալրվեն շուրջ 10000 մեղվաընտանիքներով, տարեկան կարտադրվի առնվազն 300000 կգ հավելյալ բարձրորակ մեղր, հնարավորություն կընձեռվի արդյունավետ օգտագործել սահմանամերձ բնակավայրերի չօգտագործվող բնական կերահանդակները եւ պահպանել արժեքավոր բույսերի տեսակային կազմը»,- մանրամասնել է նախարարը:

«Ոչխարաբուծության հետ կապված՝ շատ կարեւոր ծրագիր է, որովհետեւ ակնհայտ է, որ ոչխարաբուծությունը գյուղատնտեսության ամենաեկամտաբեր ոլորտներից է, բայց մենք այդպես էլ չենք կարողանում այստեղ մեր քաղաքացիներին քաջալերել, որպեսզի մեծ քանակով ոչխարաբուծությունը զարգանա»,- արձագանքել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Դիտում՝ 1826
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW