Չինաստանն ու ԱՄՆ-ը միասին կդիմակայեն հնարավոր ֆինանսական ճգնաժամերին

20.08.2024 | 12:16 Գլխավոր էջ / Նորություններ /
#Չինաստան #ԱՄՆ #Ֆինանսական ճգնաժամ
Չինաստանի Ժողովրդական բանկը եւ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը Շանհայում կայացած հանդիպման ժամանակ պայմանավորվել են ստեղծել ապագա ֆինանսական ճգնաժամերը կարգավորելու խումբ:

Կողմերը նաեւ փոխանակել են այն անձանց կոնտակտային տվյալները, որոնք պատասխանատու կլինեն ֆինանսական կայունության հարցերում հաղորդակցության եւ համակարգման համար, ինչը «հազվագյուտ օրինակ» է, թե ինչպես են աշխարհի երկու խոշորագույն տնտեսությունները փնտրում ընդհանուր լեզու, գրում է Frank Media-ն՝ վկայակոչելով Bloomberg գործակալությունը:

«Չինաստանի Ժողովրդական բանկը եւ ԱՄՆ Ֆինանսների նախարարությունը ստորագրել են նոտաների փոխանակում ֆինանսական կայունության ոլորտում Չինաստանի եւ ԱՄՆ-ի համագործակցության ամրապնդման վերաբերյալ»,- ասված է Չինաստանի Ժողովրդական բանկի՝ օգոստոսի 15-16-ի հանդիպումների վերաբերյալ զեկույցում:

Օգոստոսի 19-ին ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտնել է, որ կողմերը նամակներ են փոխանակել՝ «աջակցելու գործողությունների համակարգմանը ֆինանսական սթրեսի ժամանակ՝ ամրապնդելու տեղեկատվության փոխանակումը եւ նվազեցնելու ընդհանուր անորոշությունը ԱՄՆ ֆինանսների նախարարության եւ Չինաստանի Ժողովրդական բանկի միջեւ հակաճգնաժամային կառավարման եւ մեխանիզմների վերականգնման ու կարգավորման վերաբերյալ»:

Հիմնական կոնտակտների փոխանակումը նպատակ ունի հեշտացնել արագ համակարգումը ֆինանսական սթրեսի կամ գործառնական կայունության հետ կապված խնդիրների դեպքում, ասված է ԱՄՆ գերատեսչության հայտարարության մեջ: Դրանում նաեւ նշվում է, որ «զրույցի ընթացքում ամերիկացի պաշտոնյաները բարձրացրել են նաեւ տարաձայնություններ առաջացնող հարցեր», սակայն չի նշվում, թե որոնք են այդ տարաձայնությունները։

Ըստ Bloomberg-ի՝ այս գործողություններն ու բանակցություններն արտացոլում են համաշխարհային տնտեսական անորոշության պայմաններում ԱՄՆ-ի եւ Չինաստանի կողմից ֆինանսական կարգավորման եւ կայունացման ոլորտում համագործակցությունը խորացնելու փորձը։ Երկխոսությունն առաջին խոշոր հանդիպումն էր, երբ Չինաստանը 2024 թվականի հունիսին Չինաստանի Կոմունիստական կուսակցության համագումարում ուրվագծեց իր երկարաժամկետ տնտեսական առաջնահերթությունները:

Շանհայի հանդիպումը կազմակերպվել էր մակրոտնտեսական եւ ֆինանսական կայունության հարցերը քննարկելու համար, որոնք ներառում են ոչ միայն երկու երկրների տնտեսությունների ներքին կայունությունը, այլեւ նրանց դերը համաշխարհային տնտեսական համակարգում, օրինակ՝ Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) կառավարման միջոցով։

Համաձայնությունները «երկու կողմերի ֆինանսական կառավարման դեպարտամենտներին հնարավորություն կտան ժամանակին եւ անխափան պահպանել հաղորդակցության ուղիները եւ նվազեցնել անորոշությունը, երբ ֆինանսական հաստատությունների համար առաջանում են ֆինանսական սթրես եւ գործառնական ռիսկեր»,- ասված է Չինաստանի Ժողովրդական բանկի հայտարարության մեջ: Այնտեղ նաեւ նշվում է, որ ֆինանսական կազմակերպությունները եւս մասնակցել են երկու երկրների կենտրոնական բանկերի ներկայացուցիչների հանդիպումներին, սակայն դրանց անունները չեն նշվում։
Դիտում՝ 5965
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW