Արագածոտնի մարզի Ապարան համայնքի Եղիպատրուշ բնակավայրում կստեղծվի ազատ տնտեսական գոտի: Համապատասխան որոշումն ընդունվել է այսօր կառավարության նիստում:Ազատ տնտեսական գոտին ստեղծվում է ներդրումների ներգրավման, երկրի ներդրումային գրավչության բարձրացման, երկրի զբոսաշրջային գրավչության բարձրացման, նոր աշխատատեղերի ստեղծման եւ կայուն տնտեսական զարգացումը խթանելու նպատակով: Ծրագրի նպատակն է կառուցել տարածաշրջանի մակարդակով բարձր ստանդարտներին համապատասխան լեռնադահուկային հանգստավայր, ինչը կնպաստի երկրի զբոսաշրջային գրավչության բարձրացմանը եւ երկրի/մարզի սոցիալ-տնտեսական կայուն զարգացմանը։ Ծրագրի շրջանակում միայն կազմակերպչի ընդհանուր ներդրումների ծավալը կկազմի մինչեւ 30 մլրդ դրամ սահուղիների եւ արհեստական ձնագոյացման համակարգի ձեռքբերման եւ ժամանցային կենտրոնների (տոբոգան, տյուբինգ, «կախարդական կարպետ», զիփլայն, ջրային ատրակցիոններ) եւ այլ ենթակառուցվածքների կառուցման համար: Ծրագրի համաձայն՝ կազմակերպիչը բացի հիմնական ենթակառուցվածքներից, կկառուցի նաեւ ճոպանուղիներ, երեք հյուրանոց, ռեստորան, սահադաշտ, մանկական զբաղմունքի կենտրոն, սպա կենտրոն, որտեղ կլինեն բազմաթիվ հիմնական աշխատողներ։ Համաձայն ներկայացված ծրագրի՝ ԱՏԳ-ի ստեղծման դեպքում նախատեսվող աշխատատեղերի քանակը առաջին փուլում կկազմի 1,500, իսկ երրորդ փուլում կհասնի 10,400-ի: Միջին ամսական աշխատավարձը առաջին փուլում կկազմի 180,000 դրամ՝ հետագայում աճման միտումով։ «Մայլեռ ԱՏԳ» ՍՊԸ-ն ծրագրի իրականացման ընթացքում արդեն իսկ իրականացրել է $15 մլն ներդրումներ համապատասխան ենթակառուցվածքների ձեւավորման նպատակով, ինչպես նաեւ ստեղծել է 90-100 նոր աշխատատեղ: Tweet Դիտում՝ 1682