Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբին պատկանող եւ գյուղատնտեսության ոլորտում գործունեություն ծավալող «Ֆանֆրութ» ՍՊԸ, որը հիմնադրվել է 2021 թվականին։ «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի համահիմնադիրներ Վիգեն Բադալյանի, Վահագն Բադալյանի եւ Ռոման Բադալյանի ուղեկցությամբ Նիկոլ Փաշինյանը շրջել է Արագածավան գյուղին կից 270 հեկտար ծավալով ինտենսիվ այգիներում, ծանոթացել աշխատանքներին եւ ձեռքբերումներին։«Ֆանֆրութ» ՍՊԸ-ի ինտենսիվ այգիների 170 հեկտարը տանձենիներ են, իսկ 100 հեկտարը՝ տափակ դեղձի այգի։ Տարածքում տնկվել է շուրջ 650 000 ծառ: Ակնկալվում է, որ այգու լրիվ բերքատվության շրջան մտնելու ժամանակ մրգերի ամբողջ ծավալը կկազմի 11 500 տոննա։ Հարկ է նշել, որ այս պահի դրությամբ ընկերության կողմից իրականացված ընդհանուր ներդրումների ծավալը շուրջ 12 մլրդ ՀՀ դրամ է։ SoftConstruct-ից հայտնել են, որ նախատեսվում է կառուցել գերժամանակակից տեխնոլոգիաներով եւ սարքավորումներով հագեցած շուրջ 8000 տոննա տարողությամբ սառնարանային պահպանության վակուումային խցիկներ` հագեցած մթնոլորտային կարգավորումներով:«Այս տեխնոլոգիան հնարավորություն կտա կարգավորել ածխաթթու գազի եւ թթվածնի հարաբերակցությունը, ինչն էլ մեծ առավելություն է առկա ավանդական մեթոդների համեմատ։ Սառնարանային տնտեսության կառուցման եւ սպասարկման գործընթացում ներգրավված են հայտնի ընկերությունների մասնագետներ Նիդերլանդներից եւ Իտալիայից։ Արդիական տեխնոլոգիաների եւ այգեգործության լավագույն փորձի համակցությամբ «Ֆանֆրութ» ՍՊԸ-ի գործունեությունը նոր հորիզոններ կբացի Հայաստանի գյուղատնտեսական արդյունաբերության համար»,- ասվում է հաղորդագրությունում: Tweet Դիտում՝ 2528