Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այսօր ասել է, որ կենսաթոշակառուների եւ նպաստառուների կողմից անկանխիկ գնումների դեպքում կիրառվող հետվճար 10%-ն առաջարկվում է դարձնել 12%, իսկ հետվճարի առավելագույն չափը 5000-ից դարձնել 6000 դրամ: «Միաժամանակ առաջարկում ենք կոմունալ ծառայությունների դիմաց վճարումների հետվճար չհաշվարկել, քանի որ ի սկզբանե ծրագրի նպատակներից մեկը տնտեսության ստվերային շրջանառության կրճատմանը նպաստելն էր: Կոմունալ վճարումները, ըստ էության, ամբողջությամբ համարվում են ստվերից դուրս: Հետեւաբար, քանի որ արդեն իսկ ունենք վարքագծային փոփոխություն, եւ մեր կենսաթոշակառուներն ու նպաստառուները ակտիվորեն սկսել են օգտագործել անկանխիկ վճարումներ իրենց քարտերով, առաջարկում ենք այս փոփոխությունը»,- կառավարության նիստին ասել է Նարեկ Մկրտչյանը:Նրա խոսքով՝ հուլիսի դրությամբ ծրագրից օգտվում է շուրջ 240 հազար շահառու, ծրագրի մեկնարկից սկսած՝ օգոստոսը ներառյալ, շուրջ 9 միլիարդ հետվճար կտրամադրվի:«Ծրագրի մեկնարկից սկսած՝ կենսաթոշակառուների եւ նպաստառուների կողմից ընդհանուր անկանխիկ գործարքների ծավալը կազմում է 119 միլիարդ դրամ: Եթե ծրագրի մեկնարկի առաջին ամիսներին կենսաթոշակային քարտերով թոշակ ստացողների թիվը 300 հարյուր հազարի շրջանակում էր, ապա այժմ ունենք շուրջ 540 հազար կենսաթոշակառու»,- մանրամասնել է նախարարը: Tweet Դիտում՝ 2063