ՊԵԿ-ը՝ հունվարի 1-ից ուժի մեջ մտնող հիփոթեքային վարկի եկամտահարկի վերադարձի սահմանափակումների մասին

07.08.2024 | 12:06 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՊԵԿ #հիփոթեքային վարկ #եկամտահարկ
2025 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ են մտնում հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների մասով եկամտային հարկի վերադարձի օրենսդրական փոփոխությունները։

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ Հարկային օրենսգրքով (հոդված 160) սահմանվել է, որ հիփոթեքային վարկի սպասարկման համար վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձի վճարած տոկոսների մասով եկամտային հարկը չի վերադարձվում․

- 2027 թվականի հունվարի 1-ից հետո ստացված հիփոթեքային վարկերի մասով, եթե անշարժ գույքը գտնվում է կամ կառուցվում է կամ կառուցվելու է Արագածոտնի, Արարատի, Արմավիրի եւ Կոտայքի մարզերի վարչական տարածքներում, բացառությամբ՝ Կառավարության հաստատած ցանկում ներառված սահմանամերձ բնակավայրերում գտնվող կամ կառուցվող անշարժ գույքի,

- 2029 թվականի հունվարի 1-ից հետո ստացված հիփոթեքային վարկերի մասով, եթե անշարժ գույքը գտնվում է կամ կառուցվում է կամ կառուցվելու է վերը չնշված՝ Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Վայոց Ձորի եւ Սյունիքի, մարզերի վարչական տարածքներում, բացառությամբ՝ Կառավարության հաստատած ցանկում ներառված սահմանամերձ բնակավայրերում գտնվող կամ կառուցվող անշարժ գույքի։

Օրենքի փոփոխությամբ սահմանվել է նաեւ, որ ՀՀ ռեզիդենտ ֆինանսական կազմակերպությունից 2025 թվականի հունվարի 1-ից հետո ստացված եւ կառուցապատողից, պետությունից կամ համայնքից փաստացի բնակարան ձեռք բերելուն կամ կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող կառուցապատողից անհատական բնակելի տուն ձեռք բերելուն կամ կառուցելուն փաստացի ուղղված հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների գումարների չափով հիփոթեքային վարկի վարկառուին, նաեւ առկայության դեպքում՝ համավարկառուներին, վերադարձման ենթակա եկամտային հարկի ընդհանուր գումարը յուրաքանչյուր եռամսյակի համար չի կարող գերազանցել 750 հազար դրամը:

Կոմիտեն նաեւ հիշեցնում է՝ եթե անշարժ գույքը գտնվում է, կառուցվում է կամ կառուցվելու է Երեւանի վարչական տարածքում, ապա 2025 թվականի հունվարի 1-ից հետո ստացված հիփոթեքային վարկերի մասով եւս եկամտային հարկը չի վերադարձվելու։ Նշված սահմանափակումը չի կիրառվում մինչեւ 2022 թվականի հունվարի 1-ն ընդունված որոշումներով ստացված շինարարության թույլտվությունների հիման վրա կառուցված (կառուցվող) բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների կամ անհատական բնակելի տների նկատմամբ։
Դիտում՝ 3708
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW