Armenian Card-ն ունի նոր գործադիր տնօրեն։ ArCa-ն տեղեկացնում է, որ հունիսի 11-ին նոր գործադիր տնօրեն է նշանակվել Վարդան Խաչատրյանը, ով մինչ օրս ընկերությունում զբաղեցնում էր Ռիսկերի կառավարման տնօրենի պաշտոնը: Մինչ այդ գործադիր տնօրենի պաշտոնը զբաղեցնում էր Իշխան Մխիթարյանը։ Վարդան Խաչատրյանը Հայաստանի ֆինանսաբանկային համակարգում ունի երկար տարիների հարուստ փորձ: Շուրջ 15 տարի աշխատելով Կենտրոնական բանկում՝ նա զբաղեցրել է Վճարահաշվարկային համակարգի մասնակիցների վերահսկողության բաժնի պետի, Արտարժութային գործառնությունների վերահսկողության բաժնի պետի, Միկրոֆինանսական կազմակերպությունների վերահսկողության ծառայության կոորդինատորի, Ֆինանսական վերահսկողության վարչությունում Վարկային ռիսկի գծով մասնագիտացած վերահսկողի եւ մի շարք այլ պաշտոններ:Կարեւորելով մասնագիտական աճն ու զարգացումը՝ Վարդան Խաչատրյանը վերապատրաստվել ԱՄՆ-ի, Գերմանիայի, Ավստրայի, Հոլանդիայի, Լյուքսեմբուրգի, Ֆրանսիայի եւ այլ երկրների կենտրոնական բանկերում եւ ոլորտի առաջատար ընկերություններում: Armenian Card-ի Խորհրդի նախագահ Հովհաննես Խաչատրյանը նշել է.«ArCa-ն Հայաստանի համար ունի կարեւորագույն ռազմավարական նշանակություն։ Այժմ ընկերությունը գտնվում է տրանսֆորմացիայի փուլում։ Համոզված եմ, որ նոր ռազմավարությամբ ու թիմով կստանանք սիներգիկ էֆեկտ՝ Հայաստանի վճարային համակարգը դարձնելով աշխարհի առաջատարներից մեկը»։ ArCa-ում նշանակվել են նաեւ վարչության նոր անդամներ՝ Ռուբեն Սաղոյանը՝ զարգացման տնօրեն, Հայկանուշ Հակոբյանը՝ գործառնական տնօրեն, Աղասի Վարդանյանը՝ տեխնոլոգիական տնօրեն, Աշոտ Վարդանյանը՝ ռիսկերի կառավարման տնօրեն։ Armenian Card-ը Հայաստանի ազգային վճարային ենթակառուցվածքն է, որն ապահովում է 2.5 մլն հաճախորդների եւ 100,000-ից ավել բիզնեսների անկանխիկ վճարումների կատարման գործընթացը։ Armenian Card-ի գործընկերերի էկոհամակարգում ներառված են ՀՀ առեւտրային բանկերը եւ վճարահաշվարկային կազմակերպություները։ Tweet Դիտում՝ 11494