Այսօրվա նիստում ՀՀ կառավարությունը բավարարել է «Սարանիստ» եւ «Գրին սոլուշնս» ընկերությունների ներկայացրած հայտերը՝ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու վերաբերյալ: «Գրին սոլուշնս»-ը ներմուծվող ապրանքներով նախատեսում է Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղում կառուցել գերժամանակակից ջերմոցային համալիր՝ 54931 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով։ «Նախապատրաստական աշխատանքները սկսվել են 2024թ.-ի մայիսից: Ընկերությունը հավակնում է զբաղեցնել առաջատար դիրք ռուսաստանյան եւ արաբական շուկաներում։ Ջերմոցում արտադրվելու է տարբեր, բարձր բերքատվություն ապահովող տեսակների գունավոր պղպեղներ եւ դրա հիմնական մասը՝ 95 տոկոսը, արտահանվելու է, իսկ մնացած 5 տոկոսը մատակարարվելու է ՀՀ խոշորագույն առեւտրային մանրածախ ցանցերին», - ասված է կառավարության հաղորդագրության մեջ:Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել շուրջ 3.9 մլրդ դրամի ներդրում, որից 3.7 մլրդ դրամը հիմնական միջոցների ձեռքբերման (ներառում է նաեւ ներմուծվող ջերմոցների արժեքը) եւ շինարարական աշխատանքների իրականացման, իսկ 224 մլն դրամը՝ շրջանառու միջոցների ձեռքբերման համար։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 1.85 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 93.6 մլն դրամ:«Սարանիստ» ընկերությունը ներմուծվող հումքը նախատեսում է օգտագործել ապակե տարաների արտադրության համար՝ իրականացնելով շուրջ 800 մլն դրամի ներդրում հումքի ձեռքբերման նպատակով։ Ներդրումային ծրագրի շրջանակում մինչեւ 2025 թ. նախատեսվում է աշխատատեղերի թիվը 590-ից հասցնել 630-ի՝ 380 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 800 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 40 մլն դրամ: Tweet Դիտում՝ 1417