Ապրանքների ներմուծման ու արտահանման հայտարարագրերի էլեկտրոնային ծանուցման համակարգին ամբողջովին անցնելուն ընդառաջ Պետական եկամուտների կոմիտեում (ՊԵԿ) ներդրվել է, այսպես կոչված, «Մեյլինգ» համակարգը: ՀՀ-ից արտահանվող (այդ թվում ԵԱՏՄ անդամ երկրներ) ապրանքների համար ներկայացված հայտարարագրերը գրանցվելուց հետո ռիսկերի կառավարման համակարգի կողմից «Դեղին ուղի» կամ «Կարմիր ուղի» ընտրվելու դեպքում այսուհետ անհրաժեշտություն չկա ֆիզիկապես ներկայանալ Երեւանի Իսակովի 10 հասցեում գտնվող մաքսային սպասարկման կենտրոն»։ՊԵԿ-ից հայտնել են, որ մաքսային մարմինների կողմից փաստաթղթերի ուսումնասիրությունը իրականացվում է հեռավար եղանակով: Անհամապատասխանությունների բացակայության դեպքում հայտարարագրի կարգավիճակը փոխվում է «գնահատվածի», որից հետո հայտարարատուն իրազեկվում է այդ մասին համակարգի «նշումներ» դաշտում եւ կարող է այցելել ապրանքերի գտնվելու վայրի պահեստ՝ բացթողնման հետագա գործողություններն իրականացնելու համար: Եթե հայտարարագրում հայտնաբերվում են անհամապատասխանություններ, ապա մաքսային մարմինը «ՀՀ արտաքին առեւտրի ազգային մեկ պատուհան» համակարգի միջոցով հայտարարագրի նշումներ դաշտում իրազեկում է հայտարարատուին` անհրաժեշտ հետագա գործողությունների մասին։ Ներմուծումների մասով` ներկայում նշված համակարգում թեստային կարգով ընդգրկված է ավելի քան 1100 տնտեսվարող, որոնք ընտրվել են համակարգի կողմից ինքնաշխատ եղանակով՝ որոշակի չափանիշների հիման վրա, որոնք արդեն իսկ հարկային մարմնի անձնական գրասենյակի միջոցով անհատապես ծանուցվել են, որպեսզի չներկայանան մաքսային սպասարկման սրահ:Հայտարարատուներին պարզապես մնում է պարբերաբար հետեւել «ՀՀ արտաքին առեւտրի ազգային մեկ պատուհան» համակարգում համապատասխան հայտարարագրի կարգավիճակին ու նշումներին: ՊԵԿ-ը հորդորում է բոլոր տնտեսվարողներին ու նրանց մաքսային ներկայացուցիչներին հայտարարագրերին կցել հսկողության համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը, այդ թվում, մաքսային վճարները հավաստող փաստաթղթերը հնարավորինս ընթեռնելի տեսքով: Tweet Դիտում՝ 1382