Հայաստանն ու Միացյալ Նահանգներն հանձնառություն են ստանձնել շարունակել ընդլայնել առեւտրային ու տնտեսական կապերը: Այդ մասին ասվում է համատեղ հայտարարության մեջ, որն ընդունվել է հունիսի 11-ին Երեւանում կայացած ՀՀ ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստի արդյունքներով:«Նշելով, որ 2020 թվականից ի վեր Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ առեւտրաշրջանառությունը քառապատկվել է՝ կողմերը հանձնառություն են ստանձնել շարունակել առավելագույնս ընդլայնել առեւտրային ու տնտեսական կապերը: Կողմերը քննարկել են պատժամիջոցների եւ արտահանման վերահսկման հարցերում աճող համագործակցությունը: Նրանք նաեւ քննարկել են արտահանման լիցենզավորման հնարավորություններն՝ առաջադեմ տեխնոլոգիական ապրանքների առեւտուրը դյուրացնելու նպատակով: Քննարկումները կենտրոնացել են նաեւ Հայաստանի պարենային անվտանգության եւ էներգետիկ անկախության խթանման՝ ներառյալ ատոմային էներգիայի եւ վերականգնվող էներգետիկայի ոլորտներում ԱՄՆ առեւտրային լուծումների բացահայտման ուղղությամբ արդեն իսկ իրականացված աշխատանքները: ԱՄՆ ՄԶԳ-ն մտադիր է աջակցել Հայաստանին մշակելու տրանսպորտային ռազմավարություն, որը կդրվի Հայաստանի «Խաղաղության խաչմերուկի» տեսլականի հիմքում՝ արդար ու հարատեւ խաղաղության միջոցով խրախուսելով եւ ամրապնդելով տարածաշրջանային առեւտուրն ու փոխկապակցվածությունը: Այս խաղաղությունը կբացի ամբողջ տարածաշրջանի ներուժը եւ էական օգուտներ կբերի տարածաշրջանի բոլոր ժողովուրդներին», - ասված է փաստաթղթում: Tweet Դիտում՝ 2049