Ակբա բանկը €50 միլիոն կուղղի Հայաստանում ՓՄՁ-ների զարգացմանը
17.05.2024 | 14:41 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ Ակբա բանկ


Համագործակցության շրջանակում ՎԶԵԲ-ը ֆինանսական նոր գործիք է կիրառում Հայաստանում. ՎԶԵԲ-ն առաջին անգամ Հայաստանում կկիսի ֆինանսական կառույցի կողմից տրամադրված վարկերի վերադարձելիության ռիսկը։ Ակբա բանկի կողմից փոքր եւ միջին ձեռնարկությունների ֆինանսավորմանն ու զարգացմանն ուղղվող €50 միլիոնի մինչեւ 50% ֆինանսական ռիսկերը իր վրա կվերցնի ՎԶԵԲ-ը։ Համագործակցությունը հնարավորություն կտա Հայաստանում էլ ավելի ընդլայնել ՓՄՁ-ներին տրամադրվող ֆինանսական աջակցությունը։
ՎԶԵԲ-ի նախագահ Օդիլ Ռենո-Բասոն նշել է, որ Մոնղոլիայից մինչեւ Եվրոպա Ակբա բանկն առաջին գործընկերն է, որի հետ ՎԶԵԲ-ը մեկնարկում է այս նախագիծը։
Բացի այդ, Հայաստանում գործող բիզնեսներն, այս համագործակցության շրջանակում ստանալով ֆինանսավորում, հնարավորություն կունենան նաեւ օգտվել հատուկ խորհրդատվական ծառայություններից, որոնք կօգնեն նրանց զարգանալ արտասահմանյան շուկաներում:
«Ակբա բանկը շուրջ 25 տարի համագործակցում է ՎԶԵԲ-ի հետ։ Այսօր ստորագրեցինք պայմանագիր, որով կարողանում ենք տրամադրել վարկեր մեր ընթացակարգերին համապատասխան, բայց ռիսկը 50%-ի չափով կիսում ենք ՎԶԵԲ-ի հետ: Սա բանկին հնարավորություն է տալու ավելի ընդլայնված վարկային քաղաքականություն վարել, որից կշահեն նաեւ ՓՄՁ-ները»,- նշել է Ակբա բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը։
«Այսօր մեր լավ գործընկեր Ակբա բանկի հետ կնքեցինք համագործակցության պայմանագիր: Պայմանագրի առանցքում եզակի պրոդուկտ է, քանի որ օգնում է ամրապնդել կապիտալը, կատարել ավելի շատ ֆինանսավորում տեղական փոքր ու միջին ձեռնարկություններում եւ նպաստել տեղական արժույթով ՓՄՁ-ների ֆինանսավորմանը։ Էֆեկտը կրկնակի է. շահում է ոչ միայն Ակբա բանկը, այլեւ՝ գյուղական բնակավայրերը եւ փոքր ու միջին ձեռնարկությունները: Իրականում հենց դա է այս պրոդուկտի հիմնական նպատակը։ Ինչպես գիտեք, դա նաեւ մեր նպատակն է. ՎԶԵԲ-ը խթանում է ՓՄՁ-ների ֆինանսավորումը»,- նշել է ՎԶԵԲ-ում Կենտրոնական Ասիայի եւ Կովկասյան տարածաշրջանի պատասխանատու Ջորջ Օրլովը։
Պայմանագիրը ստորագրվել է Վերակառուցման եւ Զարգացման Եվրոպական բանկի ամենամյա բիզնես համաժողովի ընթացքում, որը մեկ հարկի տակ է հավաքում ՎԶԵԲ-ի բարձրաստիճան պաշտոնյաներին, ֆինանսական աշխարհի ներկայացուցիչներին եւ բիզնեսի առաջնորդներին՝ քննարկելու եւ լուծելու գլոբալ ֆինանսական խնդիրները։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: