Կառավարությունն այսօրվա նիստում ընդունել է որոշում, որով գյուղատնտեսության ոլորտում մասամբ կկիսի ապահովագրական ռիսկը:Ծրագրի շրջանակում 2023 թ. ապահովագրվել են ծիրան, խաղող, դեղձ, սալոր, խնձոր, կեռաս, բալ, ձմերուկ, սեխ, կարտոֆիլ, աշնանացան/գարնանացան ցորեն, գարի եւ վարսակ մշակաբույսերը։ Ապահովագրվող ռիսկերն էին գարնանային ցրտահարությունը, երաշտը, կարկուտը եւ հրդեհը։ 2023 թ. գյուղատնտեսական տարվա համար ապահովագրվել էր 11 662 հա հողատարածք, ապահովագրավճարը կազմել է շուրջ 1,8 մլրդ դրամ, դեկտեմբերի 31-ի դրությամբ տրամադրվել է շուրջ 3864 ապահովագրական հատուցում՝ շուրջ 2,7 մլրդ դրամի չափով։ Կառավարության նիստին էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը նշել է, որ 2024 թվականին, պայմանավորված գյուղատնտեսության ապահովագրության շուկայից վերաապահովագրական ընկերության դուրս գալով, ապահովագրական ընկերությունները չէին կարող ստանձնել ապահովագրության ռիսկերն ամբողջությամբ՝ հաշվի առնելով կլիմայի փոփոխությամբ պայմանավորված բարձր վնասաբերությունը։ «Այդ է պատճառը, որ ծրագիրը ժամկետից ուշ մեկնարկեց, ուստի անհրաժեշտություն է առաջացել այս տարվա համար ժամանակավոր լուծում գտնել եւ վերափոխել ծրագրի մոտեցումները: Ծրագրին ապահովագրական ընկերությունների մասնակցությունն ապահովելու համար առաջարկվում է, որ այս տարի կառավարությունը, բացի ապահովագրավճարների սուբսիդավորումից, մասամբ կիսի ապահովագրական ռիսկը: Այսինքն՝ կաջակցի նաեւ ապահովագրական ընկերություններին ապահովագրական հատուցումների որոշակի շեմը գերազանցելու դեպքում՝ փոխհատուցում տրամադրելու միջոցով»,- ասել է Գեւորգ Պապոյանը։ Նախատեսվում է գործակալության անդամ յուրաքանչյուր ապահովագրական ընկերությանը փոխհատուցել ապահովագրական ընկերության կողմից ընդհանուր հավաքագրված ապահովագրավճարի հանրագումարի 70%-ի չափը գերազանցող տնտեսվարողներին փոխհատուցված ապահովագրական հատուցումների 80%-ը: «Այս տարի նախատեսում ենք ապահովագրել դեղձը, սալորը, խնձորը, կեռասը, բալը, ձմերուկը, սեխը, կարտոֆիլը կարկուտի ռիսկից, իսկ հացահատիկային մշակաբույսեր ցորենը, գարին եւ վարսակը՝ երաշտի ռիսկից»,- ասել է Գեւորգ Պապոյանը: Tweet Դիտում՝ 1667