MyInvest ներդրումային հարթակը ներկայացվել է Doing Digital Forum 2024-ում

04.04.2024 | 10:16 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ամերիաբանկ #MyInvest #Doing Digital Forum
Երեւանում կայացել է SPRING PR ընկերության կողմից կազմակերպված Doing Digital միջազգային ամենամյա ֆորումը, այս տարի՝ «Հնարավորություններին ընդառաջ» խորագրով։

Ֆորումի նպատակն է ներկայացնել ֆինանսական եւ այլ ոլորտների թվային փոխակերպման վերջին միտումները՝ ամրապնդելով Հայաստանի դիրքը որպես թվային փոխակերպման նոր հարթակ։ Երկրորդ տարին անընդմեջ Ամերիաբանկը ֆորումի կողքին է՝ այս անգամ որպես ֆինթեք գործընկեր։

Բանկից հայտնել են, որ ֆորումը մեկնարկել է Spring PR Doing Digital ֆորումի հիմնադիր Տաթեւիկ Սիմոնյանի բացման խոսքով, որից հետո տարբեր ոլորտների առաջատար մասնագետներ հանդես են եկել թվային փոխակերպման վերաբերյալ իրենց կանխատեսումներով։

Ֆորումի գլխավոր խոսնակը հայտնի ֆուտուրիստ, բանկինգի նոր հայեցակագրի եւ մի շարք բեսթսելլերների հեղինակ Բրեթ Քինգն էր։ Գլխավոր խոսնակների շարքում էին նաեւ Մարտին Գալստյանը, Դավիթ Հովհաննիսյանը, Հարմիկ Ազարյանը, Արտյոմ Շամցյանը, Մոհամեդ Բարդաստանին, Դիրք Օլմայերը, որոնք կիսվել են նորարարության վերաբերյալ իրենց մոտեցումներով։

Առաջատար խոսնակների ելույթների, պանելային քննարկումների առանցքում էր նաեւ ներդրումային ոլորտը։ Լինելով միջոցառման ֆինթեք գործընկերը եւ Հայաստանի ֆինանսական ոլորտի թվային փոխակերպման առաջատարներից մեկը՝ Ամերիաբանկն իր MyInvest տաղավարի միջոցով ներկայացրել է բանկի վերջին նորություններից մեկը՝ ներդրումային օնլայն հարթակը։

MyInvest ներդրումային հարթակին ծանոթանալու համար բավարար էր մոտենալ տաղավարին, սքանավորել QR կոդը, ստանալ նախնական տեղեկատվություն, իսկ անհրաժեշտության դեպքում մոտենալ համապատասխան մասնագետներին։

Ամերիաբանկի ներկայացուցիչները խոսել են Ամերիաբանկի կողմից առաջարկվող ծառայությունների եւ Հայաստանում ներդրումային ոլորտի մասին։

«Անցյալ տարվա ընթացքում բրոքերային ծառայություններից օգտվող հաճախորդների թիվը գրեթե եռապատկվել է, ինչը խոսում է այն մասին, որ ոլորտում ունենք հետաքրքրության աճ։ Մենք առաջարկում ենք ոլորտի նկատմամբ հետաքրքրություն ցուցաբերող մեր հաճախորդներին ծառայությունների լայն շրջանակ, ինչպես նաեւ տեղեկատվական, ուսուցողական նյութեր, որոնք կօգնեն նրանց ներդրումների աշխարհում առաջին քայլերն անելիս։ Ի սկզբանե MyInvest-ն ուներ միայն մեկ գործառույթ, հաճախորդները կարող էին հետեւել իրենց արժեթղթային պորտֆելին, իսկ հիմա՝ մոտ մեկուկես տարի անց, գործարկվել են բազմաթիվ նոր հնարավորություններ, ինչը թույլ է տալիս հաճախորդներին հետեւել իրենց գործարքների իրականացմանը, բրոքերային հաշիվների բացման փուլերին եւ հասանելիություն ունենալ ոչ միայն հայկական, այլեւ միջազգային շուկային։ Մենք անընդհատ բարելավում ենք հարթակը ու այս տարի բավականին նոր եւ հետաքրքիր լուծումներ ենք պատրաստել»,- նշել է Ամերիաբանկի արտարժութային եւ բրոքերային գործառությունների գծով համատնօրեն Դիանա Հակոբյանը։

«Վերջին տարիներին հայաստանյան շուկայում ներդրողների համար բազմաթիվ նոր հնարավորություններ են ստեղծվել, ինչը հիմնականում կապված է տեխնոլոգիական զարգացման հետ։ Ամերիաբանկը, լինելով ֆինտեք առաջատար, նորարարական լուծումներով շարունակաբար մեծացնում է իր թվային պրոդուկտների ցանկը, ինչպիսիք են, օրինակ՝ MyInvest-ը, որը հնարավորություն է տալիս օգտվել բրոքերային ծառայություններից օնլայն։ Մենք նաեւ մեզ վրա ենք վերցրել հանրությանը ֆինանսապես կրթելու առաքելությունը, որպեսզի հաճախորդները քաջատեղյակ լինեն շուկայից, ինչպես է այն գործում, ինչ ռիսկեր եւ հնարավորություններ կան, եւ այդ նպատակով վարում ենք տելեգրամյան բլոգ, որտեղ անկախ հաճախորդ լինելու հանգամանքից՝ հետաքրքրվածները կարող են ծանոթանալ այնտեղ եղած նյութերին։ Հաճախորդների հետ հետադարձ կապն օգնում է հասկանալ հայ ներդրողների կարիքները, ինչն անչափ կարեւոր է։ Իհարկե, միջազգային փորձը հաշվի առնելով՝ մենք ամենօրյա ռեժիմով շարունակում ենք ներդնել նոր հնարավորություններ եւ գործառույթներ»,- ասել է Ամերիաբանկի բրոքերային ծառայության ղեկավար Արտուշ Ենգիբարյանը։
Դիտում՝ 2468
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW