Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ մի քանի աղբյուրից հաշվարկված եւ փոխանցված սոցիալական վճարների առավելագույն չափը գերազանցող գումարները ֆիզիկական անձանց առաջիկայում կվերադարձվեն ինքնաշխատ եղանակով եւ հարկային մարմին դիմելու անհրաժեշտություն այլեւս չի լինի: «Ֆիզիկական անձանց բանկային հաշվեհամարների վերաբերյալ տեղեկատվության ստացումը կիրականացվի առցանց եղանակով։ Ավտոմատ համակարգի միջոցով, Կենտրոնական բանկը Պետական եկամուտների կոմիտեին կտրամադրի ֆիզիկական անձին պատկանող մեկ վավեր հաշվեհամար, որին էլ կփոխանցվի գումարը։Եթե շահառուն ցանկանում է գումարները փոխանցվեն իր նախընտրած վավեր հաշվեհամարին, ապա կարող է այցելել ՊԵԿ սպասարկման ցանկացած սրահ կամ ներկայացնել այն էլեկտրոնային եղանակով` Էլեկտրոնային հարցումների միասնական www.e-request.am հարթակի միջոցով»,- ասված է ՊԵԿ հաղորդագրության մեջ:Նշվում է, որ սոցիալական վճարների վերադարձից կարող են օգտվել այն ֆիզիկական անձինք, որոնք մի քանի գործատուների մոտ աշխատում են որպես վարձու աշխատող, կամ միաժամանակ հանդիսանում են անհատ ձեռնարկատեր կամ նոտար վարձու աշխատող, որի արդյունքում նրանց համար հաշվարկված եւ փոխանցված սոցիալական վճարի ընդհանուր գումարը գերազանցում է սահմանված առավելագույն չափը։Սոցիալական վճարի գումարները վերադարձվում են, եթե մի քանի աղբյուրից ստացված ընդհանուր եկամուտը գերազանցում է ամսական 1 մլն 125 հազար դրամը կամ նվազագույն ամսական աշխատավարձի 15-ապատիկը կամ տարեկան 13 մլն 500 հազար դրամը կամ նվազագույն ամսական աշխատավարձի 180-ապատիկը։ Tweet Դիտում՝ 2284