Porsche-ն ընդլայնում է իր ամբողջովին էլեկտրական սպորտային սեդանի շարքը՝ ներառելով Taycan Turbo GT եւ Weissach փաթեթով Taycan Turbo GT մոդելները: Վերջինս կառուցված է վազքուղու համար եւ համալրված չէ հետեւի նստատեղերով՝ հօգուտ էլ ավելի լավ հզորություն-զանգված հարաբերակցության: Պիկային հզորությունը երկու մոդելի դեպքում էլ կարող է կազմել ավելի քան 1100 ձիաուժ: Համակցված տարբեր թեթեւ կառուցվածքների եւ աերոդինամիկ միջոցների հետ՝ այս լիովին էլեկտրական GT սպորտային մեքենաները բարձրացնում են նշաձողը վարելու դինամիկայի տեսանկյունից: Հետեւի սռնիի վրա տեղադրված է ավելի հզոր եւ արդյունավետ իմպուլսային կերպափոխիչ, որի մեջ որպես կիսահաղորդչային նյութ օգտագործում է սիլիցիումի կարբիդ։ Առաջին Taycan Turbo GT մոդելները հասանելի կլինեն արդեն գարնանը: Դեռ ներկայացված չէ շուկայում, բայց արդեն ռեկորդակիր է. Weissach փաթեթով Taycan Turbo GT-ն 2024 թվականի փետրվարի 23-ին Կալիֆորնիայի «Weathertech Raceway Laguna Seca»-ում արժանացել է ամենաարագ սերիական արտադրության էլեկտրական մեքենայի տիտղոսին: 1:27,87 րոպե ժամանակով Porsche-ի պիլոտ-կատարելագործող Լարս Քերնը շրջանն անցել է ավելի արագ, քան ցանկացած այլ ավտոարշավորդ շահագործման համար թույլատրված Էլեկտրական մեքենայով: Դրանից կարճ ժամանակ առաջ նոր մոդելի նույն նախաարտադրական տարբերակն իր դասի մեքենաների շարքում սահմանեց նոր ռեկորդ Նյուրբուրգրինգում: Այս անգամ ղեկին նույնպես Քերնն էր, որը գրանցեց շրջագծի ռեկորդ՝ անցնելով «Nordschleife» մրցուղին 7:07.55 րոպեում: Շրջագծի անցման ժամանակը 26 վայրկյանով ավելի կարճ էր, քան Քերնի՝ 2022 թվականի օգոստոսին Performance փաթեթով համալրված Taycan Turbo S Sport սեդանով սահմանած նախորդ ռեկորդը: Այս ժամանակը նաեւ ընթացիկ ռեկորդ է սերիական էլեկտրական մեքենաների համար, բացի այդ Turbo GT մոդելը դարձնում է բոլոր տեսակի ուժային ագրեգատներից ամենաարագ չորսդռնանին Նյուրբուրգրինգում: Լուսանկարը՝ Porsche «Լաունա Սեկայի եւ Նյուրբուրգրինգի մրցուղիներում գրանցված երկու ռեկորդները ցույց են տալիս Taycan մոդելի հզոր մրցարշավային ներուժը: Մրցուղու վրա տոկունությունն ապացուցելու համար միայն հզորությունը բավարար չէ: Պետք է ճիշտ լինի արագացման եւ արգելակման, շրջադարձերի ժամանակ կցորդման, աերոդինամիկայի, կայունության եւ ճշգրիտ կարգավորման ընդհանուր փաթեթը: Մասնավորապես՝ Taycan Turbo GT եւ Weissach փաթեթով Taycan Turbo GT մոդելների պարագայում մեր ինժեներները հասան դրան բացարձակապես ցնցող ձեւով: Նրանք արդեն գերազանց աշխատանք էին տարել վերջերս թարմացված՝ արդեն գոյություն ունեցող Taycan մոդելների համար: Սակայն մեր նոր GT մոդելները եւս մեկ անգամ ակնհայտորեն բարձրացնում են նշաձողը վարման դինամիկայի տեսանկյունից»,- նշում է մոդելային շարքի փոխնախագահ Գեւին Գիկը։«Լագունա Սեկայի մրցուղին հանդես է բերում Taycan Turbo GT-ի առավելագույն հնարավորությունները, եւ այս հարցում մեծ դեր է խաղում դրա ընդհանուր փաթեթը: Weissach փաթեթով Turbo GT-ն նոր չափանիշներ է սահմանում գրեթե բոլոր առումներով: Դրանց թվում են՝ արագացումն ու արգելակումը, ինտուիտիվ օգտագործվող Attack ռեժիմը, եւ փոխհաղորդակը, որն ապահովում է կցորդման եւ կատարողականության բարձր մակարդակ: Իսկ կցորդումը շրջադարձերի ընթացքում առավել քան տպավորիչ է: Կառավարումն ու թեթեւությունն անհավատալի են: Անվադողերը շատ լավ են գործում եւ ցանկացած իրավիճակում վարելիս դու ունես ճիշտ բալանս: Չափազանց զվարճալի է այս մեքենան Լագունա Սեկայի ոլորապտույտ մրցուղով վարելը» - նշում է պիլոտ-կատարելագործող Քերնը:Գործարկելիս 10 վայրկյանի ընթացքում հասանելի է մինչեւ 120 կՎտ հավելյալ հզորություն: Attack ռեժիմը հիմնված է այլ Taycan մոդելների «push-to-pass» ֆունկցիաների վրա: Համակարգն օպտիմալացված է մրցուղու վրա վարելու համար եւ գործում է ինչպես 99X մրցարշավային մեքենաների պարագայում, որոնք Porsche-ն օգտագործում է «Electric ABB FIA Formula E World Championship» առաջնությունում: Հավելյալ հզորությունը ցուցադրվում է ցուցիչների վահանակին՝ արագաչափի վրա արտացոլվելով անիմացիոն օղակների տեսքով, ցուցադրվում է նաեւ հետհաշվարկի ժամանակաչափը: Ի տարբերություն այլ Taycan մոդելների «push-to-pass» ֆունկցիայի՝ Attack ռեժիմն առաջարկում է 50 կՎտ-ից ավելի լրացուցիչ հզորություն, եւ այն կարելի է գործարկել տարբեր ձեւերով. որպես ղեկի կողքին տեղադրված ռեժիմի անջատիչը սեղմելու այլընտրանք այն կարելի է ակտիվացնել եւ ապաակտիվացնել ենթաղեկային փոխարկիչով՝ աջ կողմից: Սա օգնում է մրցուղու վրա ֆունկցիան ավելի հեշտորեն օգտագործելուն: «Դա կարելի է անել նաեւ մրցարշավային ձեռնոցներով՝ առանց ձեռքերը ղեկից հեռացնելու: Այս պարզ, անվտանգ եւ արագ շահագործման միջոցով Taycan Turbo GT մոդելները հարմարեցված են մրցարշավի վարորդների կարիքներին»,- բացատրում է Կերնը։ Ձախ կողմում ենթաղեկային փոխարկիչի օգնությամբ կարելի է սահմանել ռեկուպերացիայի մակարդակը եւ հարմարեցնել այն վարման իրավիճակին: Նոր ուժային էլեկտրոնիկա՝ ուժային համակարգում Porsche-ն վերջերս կատարելագործել է Taycan մոդելային շարքը եւ մեծացրել մեքենաների համակարգերի ընդհանուր հզորությունը: Ի թիվս այլ բաների՝ նոր բարելավված ուժային համակարգը նախորդ մոդելների համեմատ ավելի մեծ դինամիկա է ապահովում: Taycan Turbo GT-ն եւ Weissach փաթեթով Taycan Turbo GT-ն նոր սպորտային մոդելներն են, որոնք նոր մակարդակի են բարձրացնում Taycan-ի կատարողականությունը: Հագեցած լինելով ավելի հզոր իմպուլսային կերպափոխիչով՝ երկու մեքենաներն էլ ունեն 580 կՎտ հզորություն: Launch Control-ի հետ մեկտեղ այս ցուցանիշը հասնում է 760 կՎտ ավելացված հզորության կամ ըստ պիկային հզորության չափման մեթոդի՝ 815 կՎտ-ի (երկու վայրկյան): Taycan Turbo GT-ի պարագայում թափառքը 0-ից 100 կմ/ժ տեղի է ունենում 2.3 վայրկյանում, իսկ Weissach փաթեթի դեպքում՝ 2.2 վայրկյանում: Այսպիսով, Taycan Turbo GT մոդելը մեկ-երկու տասներորդ վայրկյանով ավելի արագ է, քան Taycan Turbo S-ը: Էլ ավելի մեծ է 0-ից մինչեւ 200 կմ/ժ արագացման տարբերությունը. Taycan Turbo GT-ի համար ցուցանիշը 6,6 վայրկյան է եւ 6,4 վայրկյան՝ Weissach փաթեթով Taycan Turbo GT-ի համար, ինչը մոտ 1,3 վայրկյանով ավելի արագ է, քան Taycan Turbo S-ի պարագայում։ Լուսանկարը՝ Porsche Իմպուլսային կերպափոխիչն առանցքային դեր է խաղում էլեկտրական շարժիչի կառավարման գործում: Երկու Taycan Turbo GT մոդելների պարագայում էլ հետեւի սռնիի վրա օգտագործվում են առավելագույնը 900 ամպեր հոսանքով իմպուլսային կերպափոխիչներ: Դրանք ապահովում են ավելի մեծ հզորություն եւ ոլորող մոմենտ, քան Taycan Turbo S-ի 600 ամպերանոց իմպուլսային կերպափոխիչները: Արդյունավետության ավելի բարձր մակարդակ ապահովելու նպատակով իմպուլսային փոխակերպիչում որպես կիսահաղորդչային նյութ օգտագործվում է սիլիցիումի կարբիդը: Սա զգալիորեն նվազեցնում է հոսանքափոխման կորուստները PWR-ում եւ ապահովում ավելի բարձր անջատման հաճախականություններ: Փոխանցման տուփի փոխանցումային հարաբերակցությունն ու հուսալիությունը նույնպես բարելավվել են, ինչն ապահովում է ոլորող մոմենտի ավելի բարձր ցուցանիշներ: Առավելագույն ոլորող մոմենտը երկու մոդելի պարագայում էլ կազմում է մինչեւ 1,340 Նմ: Taycan Turbo GT մոդելների ընթացքի պաշարը կազմում է մինչեւ 555 կմ (WLTP): Կարբոնե տարրեր եւ Porsche Active RideԹեթեւացված կոնստրուկցիա ապահովելու համար ձեռնարկված միջոցների շնորհիվ Porsche-ն Taycan Turbo S մոդելի համեմատ նվազեցրել է Taycan Turbo GT մոդելի քաշը 75 կիլոգրամով: Դրան նպաստել է հանգամանքը, որ մի շարք մասեր պատրաստվել են կարբոնից: Ի թիվս այլ մասերի՝ ածխածնի մանրաթելերը օգտագործվել են Բ-սյուների ներդիրների, արտաքին հայելիների պատյանների եւ դռնաշեմերի ներդիրների պարագայում: Ածխածնային մանրաթելով ամրացված պլաստիկից (CFRP) պատրաստված նստատեղերը, թեթեւացված բեռնախցիկը եւ բեռնախցիկի դռան սահուն փակող համակարգի բացակայությունը նույնպես օգնում են մեքենայի զանգվածի նվազեցմանը: Taycan Turbo GT մոդելի ստանդարտ համալրման կազմում է դինամիկ վարման փաթեթը: Այն ներառում է Porsche Active Ride կախոցը GT մոդելներին հատուկ թյունինգով: Դինամիկ վարման իրավիճակներում կախոցն ապահովում է գերազանց կցորդում ճանապարհածածկի հետ եւ բեռնվածքի հավասարաչափ բաշխում անիվների վրա: Բացի այդ, ստանդարտ լրակազմը ներառում է հատուկ բնութագրերով ամառային անվադողեր: Դրանք տեղադրվում են 21 դյույմանոց թեթեւացված կռածո անվահեցերի վրա: Turbo GT էքսկլյուզիվ անիվներն ունեն ռելիեֆային ֆրեզավորմամբ անվաճաղեր, ինչը թույլ է տալիս նվազեցնել քաշը եւ ապահովել արգելակների արդյունավետ օդափոխությունը: Taycan Turbo GT-ի ստանդարտ համալրումը ներառում է թեթեւացված կերամիկական արգելակներ: Porsche կերամիկական կոմպոզիտային արգելակների (PCCB) վրա հիմնված արգելակման համակարգն օպտիմալացվել է քաշի տեսանկյունից: Դիզայնի փոփոխություններն արգելակախուցի եւ արգելակային հենակների կորպուսում թույլ են տվել երկու կիլոգրամով կրճատել քաշը: Սա դրական ազդեցություն է թողել եւ վարելու դինամիկայի, եւ կատարողականության վրա. ոչ զսպանավորված եւ պտտվող զանգվածների նվազեցումը բարելավում է կատարողականությունը: Արգելակային հենակները ներկված են էքսկլյուզիվ Victory Gold գույնով: Հետեւի սփոյլեր՝ թեւիկով եւ էքսկլյուզիվ լաքաներկային ծածկույթ Հատուկ Taycan Turbo GT մոդելի համար Porsche-ն մշակել է առջեւի սփոյլեր՝ աերոշեղբերով: Հետեւում ադապտիվ սփոյլեր է, որի պոկվող եզրը առանձնանում է փայլուն կարբոնե հարդարմամբ Գերնի թեւիկով: Matrix LED լուսարձակները ներառված են ստանդարտ համալրման մեջ: Դրանք կարելի է փոխարինել օպցիոնալ HD Matrix LED-ով՝ առանց հավելավճարի: Կողային պրոֆիլում կան ածխածնային մանրաթելերից պատրաստված մի շարք բաղադրիչներ: Կողային պատուհանների ներդիրները ներկված են սեւ փայլուն գույնով: Լուսանկարը՝ Porsche Taycan Turbo եւ Taycan Turbo S մոդելներն առանձնանում են շարքի այլ մոդելներից Turbonite գույնի շեշտադրումներով, մինչդեռ Taycan Turbo GT-ի արտաքին տեսքը մրցարշավային ոճով է: Երկու մոդելների առջեւի կապոտի եւ անվակունդերի կափարիչների վրա առկա է Porsche գունավոր գերբը: «Turbo GT» լոգոտիպը հետեւի կափարիչի վրա ներկված է փայլատ սեւ գույնով: Ընդհանուր առմամբ, հասանելի է թափքի վեց գույն, ներառյալ նոր գունային տարբերակները՝ Pale Blue Metallic եւ Purple Sky Metallic: Դրանք վերապահված են բացառապես Taycan Turbo GT մոդելների համար մեկ տարի ժամկետով: Porsche Exclusive Manufaktur-ի Paint to Sample ծրագիրն առաջարկում է անհատականացման ավելի լայն տարբերակներ: Բացի այդ դռների ստորին հատվածների եւ առջեւի կապոտի համար հասանելի են Taycan լոգոտիպով պիտակներ՝ Volt Blue կամ Black (փայլատ)/Black (փայլուն) գույներով: Սրահ. ստանդարտ շերեփանման նստատեղեր եւ սպորտային մթնոլորտՍտանդարտ համալրման մեջ սպորտային Race-Tex գործվածքով տարրերը համադրված են սեւ գույնի կաշվե զարդարանքի հետ: Ստանդարտ համալրումը նաեւ ներառում է թեթեւացված շերեփանման նստատեղեր՝ հարդարված փայլուն կարբոնով: 18 դիրքով էլեկտրակարգավորվող եւ հիշողության փաթեթով առջեւի ադապտիվ նստատեղերը՝ Adaptive Sports Seats Plus, կարելի է պատվիրել որպես տարբերակ՝ առանց հավելյալ վճարի: Առջեւի նստատեղերի գլխակալներին ասեղնագործված է Turbo GT լոգոտիպը: Բացի այդ, կլիմայի կառավարման պանելի ներքեւում կա նշան՝ մոդելի անհատական լոգոտիպով: Պատվերով հասանելի են սրահի էքսկլյուզիվ սարքավորումներ՝ հակադիր Volt Blue կամ GT Silver գույներով: GT սպորտային ղեկանիվը եզրավորված է սեւ գույնի Race-Tex գործվածքով եւ ունի վերին կենտրոնական նշան: Taycan Turbo GT-ն համալրված է Taycan Turbo S-ի Sport Chrono փաթեթով: Մրցուղու համար ստեղծված. Taycan Turbo GT՝ Weissach փաթեթով Weissach փաթեթով Taycan Turbo GT-ն ավելի հստակ դիրք ունի: Էլ ավելի բարելավված աերոդինամիկայի եւ թեթեւացված կոնստրուկցիայի շնորհիվ այս մոդելը մշակված է կատարողականության բարձր մակարդակ ապահովելու համար: Weissach փաթեթով Taycan Turbo GT մոդելի թափառքը 0-ից 100կմ/ժ տեղի է ունենում 2.2 վայրկյանում, ինչը երկտեղանի ավտոմեքենան դարձնում է վայրկյանի տասներորդ մասով ավելի արագընթաց, քան նույնքան հզոր Taycan Turbo GT-ն է: Ավտոմեքենայի առավելագույն արագությունը կազմում է 305 կմ/ժ՝ 290 կմ/ժ-ի փոխարեն: Աերոդինամիկայի բարելավմանը միտված լրացուցիչ միջոցառումների թվում են օդային դեֆլեկտորները հատակային հատվածում եւ նոր առջեւի դիֆուզորը: Weissach փաթեթով մոդելը համալրված է հետեւի կարբոնե ֆիքսված հակաթեւով, որի հենակներն ամրացված են թափքին: Ընդհանուր կոմպրեսիոն (սեղմումային) ուժը կազմում է մինչեւ 220 կիլոգրամ: Weissach փաթեթի լոգոտիպն առկա է հետեւի հակաթեւի երկու կողմում: Պատվերով հասանելի է էքսկլյուզիվ գծավոր թաղանթը՝ Volt Blue, սեւ կամ փայլատ սեւ գույներով: Այն ավելի է ընդգծում ավտոմեքենայի սպորտային բնույթը: Գծավոր դիզայնը կարելի է համադրել սեւ պիտակների հավաքածուի հետ: Լուսանկարը՝ Porsche Մրցուղու վրա վարելու համար ոչ պիտանի բոլոր սարքավորումների հեռացումը թույլ է տվել նվազեցնել մեքենայի զանգվածը 70 կիլոգրամով՝ Weissach փաթեթ չունեցող Taycan Turbo GT-ի համեմատ: Հետեւի նստատեղերի համակարգի փոխարեն հատուկ մշակված, բարձրորակ, թեթեւացված, կարբոնե երեսպատմամբ պահուստային մաս է՝ վարորդի եւ առջեւի ուղեւորի նստատեղերի հետեւում: Բացակայում է Sport Chrono փաթեթի անալոգային ժամացույցը, որը սովորաբար տեղակայված է սարքերի վահանակի վրա, գորգիկները նույնպես չկան: Օգտագործված է ավելի քիչ ջերմամեկուսիչ նյութ: Weissach փաթեթով Taycan Turbo GT-ն ունի լիցքավորման միակցչի դռնակ միայն ուղեւորի կողմից, այն էլ՝ առանց էլեկտրաշարժաբերի: Հատուկ ձայնամեկուսիչ ու ջերմամեկուսիչ ապակին եւ Sound Package Plus-ը նույնպես նվազեցնում են զանգվածը: Վերջինս գործում է առանց հետեւի բարձրախոսների եւ փոխարինում է BOSE® Surround Sound համակարգին: Ստանդարտ համալրման կազմում է սրահի հարդարման GT փաթեթը, որը ներառում է սեւ գույնի Race-Tex գործվածքով տարրեր: Ուղեւորի կողմից կա Weissach փաթեթի լոգոտիպով նշան: Weissach փաթեթով Taycan Turbo GT-ի համար հասանելի են նաեւ սրահի Volt Blue եւ GT Silver գույներով հարդարման փաթեթները: Համապատասխան հակադիր գույնով թակալակարը եզրափակում է առանձնահատկությունների շարքը: Taycan Turbo GT-ի եւ Weissach փաթեթով Taycan Turbo GT-ի գները Գերմանիայում սկսվում են € 240,000-ից՝ ներառյալ 19% ԱԱՀ-ն: Tweet Դիտում՝ 1884