Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրերի գործողության ժամկետը կերկարացվի մինչեւ 2026 թ.: Կառավարության այսօրվա նիստում որոշվել է բարձրացնել ծրագրերի նպատակայնությունն ու արդյունավետությունը։ Մասնավորապես՝ 2024 թ. հունվարի 1-ից կշարունակվեն Մարզում հիփոթեքի աջակցության եւ Հիփոթեքի մարման աջակցության ծրագրերը՝ որոշակի փոփոխություններով։ Մասնավորապես՝ նախատեսվում է որպես ծրագրերում ընդգրկվելու պարտադիր պայման սահմանել, որ ձեռք բերվող/բերված կամ կառուցվող/կառուցված բնակելի անշարժ գույքը հանդիսանում է շահառուի եւ նրա ամուսնու միակ սեփականությունը, ինչը հնարավորություն կտա իրականացնել շահառուների նպատակային խմբի ճիշտ ընտրություն։ Միաժամանակ առաջարկվում է 5 մլն դրամով բարձրացնել ձեռք բերվող/բերված կամ կառուցվող/կառուցված բնակելի անշարժ գույքի արժեքի նկատմամբ կիրառվող առավելագույն սահմանաչափը՝ հաշվի առնելով անշարժ գույքի շուկայում տեղի ունեցած գնաճը։Կսահմանվեն նաեւ արտոնություններ եւ խրախուսվեն այն ընտանիքները, որոնք անշարժ գույք ձեռք կբերեն կամ անհատական բնակելի տուն կկառուցեն 48 առանձին բնակավայրերում, որտեղ պետական եւ սուբվենցիոն ծրագրերի շրջանակում արդեն իսկ կառուցված կամ կառուցվում են դպրոցներ, մանկապարտեզներ, ինչպես նաեւ սահմանամերձ բնակավայրերում։ Կխրախուսվեն այն ընտանիքները, որոնք հիփոթեքային վարկով անշարժ գույքը ձեռք են բերել կամ անհատական բնակելի տունը կառուցել/կառուցում են վերոնշյալ բնակավայրերում եւ վարկի գործողության ընթացքում ընտանիքում ծնվում է նոր երեխա։ 2024 թ. համար կպահանջվի շուրջ 1 մլրդ 281 մլն դրամ, որից 606 մլն դրամը նախատեսված է 2024 թ. պետբյուջեով, իսկ 675 մլն դրամը կհատկացվի կառավարության պահուստային ֆոնդից։Աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Դավիթ Խաչատրյանը նշել է, որ այսօրվա դրությամբ առկա է 606 հաստատված գործարք սահմանամերձ բնակավայրերում: «ԼՂ-ից բռնի տեղահանված 7 ընտանիքի շահառու լինելը նույնպես հաստատվել է: Այսինքն՝ նրանց քաղաքացիության կարգավիճակը համապատասխանեցվել է պայմանին: Նրանք հիմնականում երեխաներով ընտանիքներ են եւ առաջիկայում կկառուցեն իրենց տունը»,-ասել է փոխնախարարը: Tweet Դիտում՝ 2266