Առցանց տաքսին զգալիորեն դուրս է մղել շուկայից ավանդական տաքսի ծառայություններին

14.03.2024 | 11:08 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՄՊՀ #տաքսի
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը (ՄՊՀ), ուսումնասիրելով առցանց տաքսի ծառայությունների ոլորտը, պարզել է, որ էլեկտրոնային հարթակների արագ զարգացումը զգալիորեն դուրս է մղել շուկայից ավանդական տաքսի ծառայություններին:

ՄՊՀ-ից հայտնել են, ուսումնասիրության արդյունքում արձանագրվել է, որ գրանցված 3162 կազմակերպությունից 2787-ը 2018-2023 թթ. այս ոլորտում որեւէ գործունեություն չի իրականացրել, մնացածների վճարած հարկերը զգալի անկում են ապրել։

«Ներկայում օրենսդրորեն սահմանված չեն էլեկտրոնային հարթակներով փոխադրման ծառայությունների վերահսկման եւ կարգավորման մեխանիզմներ՝ կապված ծառայությունների որակի կամ հարթակների պատասխանատվության հետ:

Հարթակներում ուղեւորափոխադրման հիմնական տեսակների մասին տեղեկատվությունը լիարժեք ներկայացված չէ: Մյուս կողմից, հարթակների գաղտնիության քաղաքականությունը թույլ է տալիս օգտագործել օգտատերերի մասին տեղեկատվությունը բավականին լայն շրջանակի նպատակների համար։  

Դիտարկված ապրանքային շուկայում կենտրոնացվածությունը շարունակում է աճել.  գերիշխող դիրք ունեցող տնտեսավարողի մասնաբաժինը 2021-2023 թթ. ավելացել է»,- ասված է ուսումնասիրության մեջ:

ՄՊՀ-ն առաջարկում է սահմանել «էլեկտրոնային հարթակ» հասկացությունը նաեւ նման հարթակներով բեռնափոխադրման մասով եւ տրանսպորտի ոլորտի կարգավորման դաշտի լայնացման միջոցով դիտարկել հարթակով մատուցվող ծառայությունների համար հարթակի սեփականատիրոջ պատասխանատվության շրջանակը, հարթակի աշխատանքի մեխանիզմն ու նման հարթակների հետ վարորդների եւ տաքսի ծառայություն մատուցող ընկերությունների փոխգործակցության կարգավորման հարցերը.

«Արդյունավետ կարող է լինել նաեւ վարորդների եւ ընկերությունների ռեեստրների ստեղծումը, ինչը կօգնի վերահսկել ծառայություն մատուցող վարորդների լիցենզավորված լինելու հանգամանքը եւ զգալիորեն կբարելավի ուղեւորափոխադրման ծառայությունների որակը։

Թե հարթակում տեղեկատվության ներկայացման, թե սպառողներից հավաքագրված տեղեկատվության օգտագործման վերաբերյալ պետք է լինեն հստակ սահմանված կանոններ»:

Ուսումնասիրությունը հասանելի է այստեղ:
Դիտում՝ 2083
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW