ՀԷՑ-ը դարձել է ամենաբարձր վարկանիշով թողարկողը Հայաստանում

14.02.2024 | 15:34 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՀԷՑ
2017 թվականից ի վեր «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությունը իրականացրել է էլեկտրական ցանցերի արդիականացման եւ վերակառուցման ավելի քան $680 մլն (այդ թվում՝ ԱԱՀ) արժողության ներդրումային ծրագրեր:

Այսօր կայացած ասուլիսում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանն ասել է, որ ծրագրերը ուղղված են սպառողների էլեկտրամատակարարման որակի բարձրացմանը, էլեկտրաէներգիայի հաշվառման եւ վերահսկման սմարթ համակարգերի ներդրմանը, նոր սպառողների՝ էլեկտրական ցանցին միացմանը եւ այլ կարեւոր միջոցառումների իրականացմանը:

Ներդրումների արդյունքում յուրաքանչյուր տարի էներգահամակարգում տնտեսվում է շուրջ 20,3 մլրդ դրամ: Դա արդյունք է էլեկտրաէներգիայի կորուստների 12,8 %-ից 6,6 %  իջեցման, աշխատակիցների թվաքանակի եւ ընթացիկ շահագործման ծախսերի էական կրճատման:

Ընկերության վարկային պորտֆելը կազմում է $280 մլն:

Կարեն Հարությունյանը նշել է, որ 2015 թվականից ի վեր ընկերության ողջ շահույթն ուղղվել է ներդրումներին, ՀԷՑ սեփականատերը դիվիդենտ չի ստացել: Վարկերը ներգրավվել են միջազգային ֆինանսական ինստիտուտների կողմից շուկայականից էապես ցածր տոկոսադրույքով՝ առանց պետական երաշխիքի:

2023 թվականը ընկերության համար տարին նշանակալի էր պարտատոմսերի թողարկման առումով։ Ընկերությունը պարտատոմսեր է թողարկել` 32 մլրդ դրամի չափով, 11.4% տոկոսադրույքով, 3 տարի մարման ժամկետով եւ արժեկտրոնի վճարման կիսամյակային պարբերականությամբ: Պարտատոմսերն ամբողջությամբ տեղաբաշխվել են։ ՀԷՑ-ը դարձել է ամենաբարձր վարկանիշով թողարկողը Հայաստանում, իսկ ընկերության պարտատոմսերի թողարկման ծավալը եւ եկամտաբերությունը համադրելի են ՀՀ պետական պարտատոմսերի հետ։

Պարտատոմսերի թողարկման նպատակն ընկերության վարկերի վերաֆինանսավորումն է, ինչպես նաեւ ներդրումային ծրագրի շարունակականության ապահովումը, որն ուղղված է էլեկտրաէներգիայի կորուստների նվազեցմանը, բաշխիչ ցանցի ընդլայնմանը, գործառնական ծախսերի նվազեցմանը, սպասարկման որակի բարձրացմանը, նոր բաժանորդների միացմանը ցանցին, էլեկտրաէներգիայի հաշվառման համակարգերի արդիականացմանը:
Դիտում՝ 1746
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW