ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանն ասել է, որ բանկերի եւ ԿԲ աշխատանքի շնորհիվ բանկային համակարգի համար վերջին մարտահրավերային տարիներին «հաջողվեց խուսանավել որեւէ բացասական ազդեցությունից»։ Հայաստանի բանկերի միությունից (ՀԲՄ) հայտնում են, որ ԿԲ նախագահ այդ մասին ասել է հայկական դրամի 30-ամյակի առթիվ կայացած «ՀՀ բանկային համակարգը» խորհրդաժողովում:«Վերջին մի քանի տարիներն իսկապես մարտահրավերային էին նաեւ բանկային համակարգի համար։ Նման պայմաններում բանկերում բավականին մեծ կարողություններ են նաեւ ձեւավորվում, մասնավորապես՝ փողերի լվացման ու ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի, կիբեր ռիսկերի զսպման, «Ճանաչիր քո հաճախորդին» սիստեմները ներդնելու տեսանկյունից: Արդյունքում բանկերի եւ ԿԲ աշխատանքի շնորհիվ մեզ հաջողվեց խուսանավել որեւէ բացասական ազդեցությունից»,- ասել է Մարտին Գալստյանը։ ՀԲՄ նախագահ Դանիել Ազատյանը նշել է, որ Հայաստանի բանկային համակարգի ձեւավորումն ու կայացումը նպատակային, արդյունավետ ու փոխադարձ վստահության վրա հիմնված աշխատանքի արդյունքն է։ «Վերջին տարիներին մեր երկրում արձանագրված բանկային համակարգի զարգացումները զուգակցվել են երկրի տնտեսության, բանկային եւ իրական հատվածի ակտիվ համագործակցությամբ։ Համակարգն իր արդյունավետությունը բազմիցս է ապացուցել: Հատկապես վերջին տասնամյակում, ներքաղաքական տարբեր իրադարձությունների եւ փոփոխությունների, պատերազմի ու սահմանային լարվածությունների, COVID-19 համավարակի, համաշխարհային եւ հայաստանյան գնաճի, ԿԲ-ների տոկոսադրույքների բարձրացման, ինչպես նաեւ, այսպես կոչված, թվային ակտիվների տարածման պայմաններում մեր բանկային համակարգը մնացել է կայուն՝ վստահ իրականացնելով ֆինանսական միջնորդի իր գործառույթը: Կարեւոր ցուցիչ է նաեւ այն, որ տարածաշրջանային-աշխարհաքաղաքական վերջին զարգացումների ժամանակ մեր բանկերը կարողացան ֆինանսական ծառայություններից օգտվել ցանկացող օտարերկրյա հաճախորդներին մատուցել միջազգային կանոններին ու չափանիշներին համապատասխան բանկային ծառայություններ՝ ապացուցելով, որ կարող են նաեւ միջազգային գործընկերների համար լինել վստահելի գործընկեր»,- ասել է Դանիել Ազատյանը: Tweet Դիտում՝ 2041