Գալստյան. FPAS Mark II-ի միջոցով կփորձենք ուղեգծած ճանապարհով գնալ

30.01.2024 | 16:53 Գլխավոր էջ / Նորություններ /
#Մարտին Գալստյան #ԿԲ #FPAS Mark II
Հայաստանի կենտրոնական բանկի (ԿԲ) նախագահ Մարտին Գալստյանն այսօր ասել է, որ ԿԲ-ի կողմից այս տարի գործարկված FPAS Mark II նոր վերլուծական համակարգը FPAS Mark I-ի ավելի զարգացած տարբերակն է:

«Այն ենթադրում է, որ երբ նախկինում կանխատեսումներ իրականացնելիս օգտագործում էինք բազային սցենարներ, որոնց շուրջ էլ կառուցում էինք այլընտրանքային սցենարները, հիմա էական փոփոխություններ ենք իրականացնելու:

Այժմ բազային սցենար չենք կատարելու. խոսելու ենք հիմնականում երկու սցենարի մասին՝ մեկը գնաճային սցենարն է, երբ կանխատեսում կամ ակնկալում ենք, որ մեր կանխատեսումներն ապագա գնաճի վերաբերյալ ավելի բարձր են, քան՝ շուկայի մասնակիցներինը: Դա կարող է պայմանավորված լինել տարբեր պատճառներով, որի մասին ԿԲ-ն անպայման պետք է ներկայացնի պրոֆեսիոնալ հանրույթին»,- ասել է Մարտին Գալստյանը:

ԿԲ նախագահի խոսքով՝ կանխատեսվող գնաճային երկրորդ սցենարն ավելի ցածր է, քան շուկայի կողմից ակնկալվող զարգացումները.

«Այդ երկու սցենարի համադրումը եւ ներկայացումը ակադեմիական աշխարհին, շուկայի մասնակիցներին եւ այդ կերպ նաեւ հանրությանը, մեր կարծիքով՝ ավելի մեծ ավելացված արժեք ունի կամ ավելի պահանջված մոդել է, քան այն, երբ մենք կամ այլ կենտրոնական բանկեր կոմունիկացնում են մեկ սցենար, որը հետո չի արդարանում, եւ ԿԲ-ները դառնում են իրենց կողմից առաջադրված սցենարի զոհը:

FPAS Mark II վերլուծական համակարգի միջոցով փորձելու ենք ավելի թափանցիկ, հստակ քայլերի հաջորդականությամբ ուղեգծած ճանապարհով գնալ, ներկայացնել սցենարային մտածողությունը, բացատրել մեր կայացրած որոշումների տրամաբանությունը»:

ՀՀ ԿԲ-ն 2024 թվականից գործարկում է նոր վերլուծական համակարգ, որը հայտնի է որպես Երկրորդ սերնդի կանխատեսումների եւ քաղաքականության վերլուծության համակարգ (ԿՔՎՀ II) (FPAS Mark II): ԿՔՎՀ II-ը կառուցվում է գործող ԿՔՎՀ-ի վրա՝ շեշտադրելով անորոշությունների եւ թափանցիկության դերը դրամավարկային քաղաքականության իրականացման գործընթացում:
Դիտում՝ 1704
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW