Ցե-Կվադրատ Ամպեգայի կողմից կառավարվող բոլոր երեք կենսաթոշակային ֆոնդերը 2023 թվականն ամփոփել են էական բարձր երկնիշ տարեկան եկամտաբերությամբ։ Ընկերությունից հայտնել են, որ Հավասարակշռված ֆոնդը (CQBAL) իր 16.5% եկամտաբերությամբ ունեցել է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգում գործող բոլոր վեց ֆոնդերից ամենաբարձր եկամտաբերությունը։ Համապատասխանաբար՝ Կայուն եկամտայինը (CQFIX) եւ Պահպանողականը (CQCON) ունեցել են 12․6% եւ 16.3% եկամտաբերություն։ Սա նշանակում է, որ մասնակիցների կենսաթոշակային կուտակումների արժեքն աճել է համապատասխանաբար՝ կախված, թե որ ֆոնդում են կուտակվում մասնակցի միջոցները։ Եկամտաբերության նման արդյունքները պայմանավորված են եղել հետեւյալ գործոններով՝• Տեղական շուկայում պահպանվել է գնաճային ցածր միջավայրը, տոկոսադրույքները նվազել են, ինչի շնորհիվ տեղական ակտիվները տարին ամփոփել են էական բարձր արդյունքներով։ • Նմանատիպ զարգացումներ եղել են նաեւ համաշխարհային շուկաներում, ինչի արդյունքում միջազգային բաժնային եւ պարտքային ակտիվներ եւս 2023 թվականն ամփոփել են դրական արդյունքներով։«Հաշվի առնելով, որ կենսաթոշակային ֆոնդերն ունեն երկարաժամկետ ներդրումային հորիզոն, ֆոնդերի կատարողականի վերաբերյալ ավելի ամբողջական պատկեր ունենալու համար անդրադառնանք ֆոնդերի եկամտաբերության երկարաժամկետ ցուցանիշներին։ Ստեղծման պահից ֆոնդերն ունեցել են 106-113% եկամտաբերություն։ 2023թ․ դեկտեմբերի վերջի դրությամբ Ցե-Կվադրատ Ամպեգայի կողմից կառավարվող կենսաթոշակային ակտիվների մեծությունը կազմել է 383 միլիարդ ՀՀ դրամ, որից շուրջ 75 միլիարդ ՀՀ դրամը ձեւավորվել է Ցե-Կվադրատ Ամպեգայի ապահոված եկամտաբերության շնորհիվ։ Այս տարի լրանում է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման 10 տարին։ Այս 10 տարվա ընթացքում համակարգը կայացել է, իսկ Ցե-Կվադրատի կողմից կառավարվող կենսաթոշակային ֆոնդերը գրանցել են կայուն աճ, ինչն էլ հնարավորություն է տվել Ցե-Կվադրատին 0․15 տոկոսային կետով նվազեցնել ֆոնդերի կառավարման համար գանձվող տարեկան վճարը։ Կարեւոր այս փոփոխությունը այլ հավասար պայմաններում շուրջ 4%-ով կավելացնի ապագա կենսաթոշակառուների ամսական կենսաթոշակը։ Եթե ֆոնդերի եկամտաբերության վերջին 10 տարվա ցուցանիշները պահպանվեն ապագայում, ապա այս պահին միջին աշխատավարձ ստացող քաղաքացիները 40 տարի կուտակելուց հետո, ակնկալվում է, որ կստանան իրենց վերջին աշխատավարձի շուրջ 75%-ի չափով կենսաթոշակ»,- ասված է ընկերության հաղորդագրությունում:* Կարեւոր է, սակայն, նշել, որ նման հաշվարկները բավական զգայուն են դրանց հիմքում ընկած ենթադրությունների նկատմամբ։ Վերոնշյալ հաշվարկներն իրականացվել են՝ հիմք ընդունելով միջին ցուցանիշներ, օրինակ՝ միջին աշխատավարձ (265,000), միջին գնաճ (4%), աշխատավարձի միջին աճ (5%), եկամտաբերություն (7․75%) եւ այլն։ Tweet Դիտում՝ 2241