Գործարկվել է Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի արեւային ՖՎ կայանը

17.01.2024 | 15:50 Գլխավոր էջ / Նորություններ /
Արամ Խաչատրյանի ծննդյան 120 ամյա հոբելյանին նվիրված միջոցառման ընթացքում ազդարարվել է կոմպոզիտորի Երեւանի տուն-թանգարանի արեւային ՖՎ կայանի գործարկման եւ լուսավորության համակարգի արդիականացման մեկնարկը։

«Էներգետիկայի հայկական գործակալություն» հիմնադրամը (ԷՀԳ),  «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան»  ՓԲԸ-ն եւ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն (ՀԷՑ) միավորել են ուժերը «Արեւային էներգիան ի շահ մշակութային ժառանգության» ծրագիրը իրականացնելու նպատակով։

Նախաձեռնությունն ուղղված է աջակցելու հայկական մշակութային ժառանգության օբյեկտին՝ գործելու ավելի կայուն եւ էներգաարդյունավետ, ապահովելու ֆինանսական կայունություն եւ դառնալու ավելի գրավիչ այցելուների համար:

Այս անգամ ծրագրի շահառուն է «Արամ Խաչատրյանի տուն-թանգարան» ՊՈԱԿ-ը, որի տանիքին տեղադրվել է 20,71 կՎտ դրվածքային հզորությամբ արեւային կայան։ Այն տարեկան կարտադրի շուրջ 29000 կՎտժ էլեկտրաէներգիա՝ ապահովելով մոտ 1 550 000 ՀՀ դրամ խնայողություն։ Ծրագրի շրջանակում արդիականացվել է նաեւ թանգարանի լուսավորության համակարգը․ տեղադրվել են թվով 75 LED լուսատուներ, ինչը թույլ կտա ապահովել տուն-թանգարանին որակյալ, էներգախնայող եւ երկարաժամկետ լուսավորությամբ՝ նվազեցնելով  լամպերի փոխարինման ծախսերը։

«Վերականգնվող էներգետիկայի զարգացումը եւ էներգաարդյունավետությունը էներգետիկ անկախության գրավականն են, իսկ հիմնադրամի առաքելությունն է աջակցել Հայաստանի էներգետիկ անկախության կայացմանը։ Այսօր աշխարհում, ինչպես նաեւ մեր երկրում կարեւորագույն խնդիրներից է կլիմայի փոփոխությունը, ինչից ելնելով էլ ԷՀԳ-ի գործունեությունն ուղղված է նաեւ դիմակայելու կլիմայի փոփոխությանը։ Մթնոլորտում զգալիորեն ավելացել է ջերմոցային գազերի քանակը՝ խորացնելով ազդեցությունը կլիմայի փոփոխության վրա: Այնուամենայնիվ, այն կարելի է մեղմել վերականգնվող էներգիայի, էներգախնայողության օգնությամբ եւ ձեռնարկված այլ միջոցառումներով։ ԷՀԳ-ն, հավատարիմ լինելով իր ռազմավարությանը եւ  գնահատելով մշակույթի դերը, իր հիմնադրման 5-րդ տարելիցի կապակցությամբ որոշեց շարունակել մշակութային ուղղվածության «Արեւային էներգիան ի շահ մշակութային ժառանգության» նախաձեռնությունը։ Ինչպես բազմիցս նշվել է, նախաձեռնության նպատակն է նվազեցնել պատմական, մշակութային եւ ազգային նշանակության օբյեկտների էլեկտրաէներգիայի ծախսը՝ կիրառելով էներգախնայող լուծումներ եւ խնայված միջոցներն ուղղելով այլ հիմնախնդիրների լուծմանը։ Ուստի, շնորհակալություն եմ հայտնում ծրագրում ներգրավված բոլոր կողմերին այս հնարավորության, ինչպես նաեւ մեր գործընկեր «Սոլար Էյ Էմ» ընկերության թիմին կայանի կառուցման եւ տեխնիկական աշխատանքների իրականացման համար»,-  ասել է ԷՀԳ գլխավոր տնօրեն Լուիզա Վարդանյանը։

Ծրագրի իրականացման արդյունքում խնայված ֆինանսական միջոցները կուղղվեն մեկ այլ երկարաժամկետ ծրագրի իրականացմանը՝ կոմպոզիտորի ստեղծագործությունների նոտաների հրատարակմանը։ Յուրաքանչյուր տարի կհրատարակվի Արամ Խաչատրյանի ստեղծագործությունների մեկական ժողովածու՝ 300 օրինակ տպաքանակով։

«Ուրախ եմ, որ այս կարեւոր նախագիծը, շարունակություն ստացավ ու արդեն երկրորդ շահառուի համար է իրականացվում: Խնայված միջոցներով տպագրված ժողովածուների  մի մասը անվճար կտրամադրվի Հայաստանում եւ արտերկրում գտնվող գրադարաններին ու երաժշտական հաստատություններին՝ տարածելով մեծ կոմպոզիտորի ստեղծագործական ժառանգությունը», - նշել է ՀԷՑ-ի կորպորատիվ կապերի դեպարտամենտի ղեկավար Նատալյա Սարջանյանը:

«HSBC Հայաստանի գործունեության մեջ առանցքային դեր են զբաղեցնում կայուն զարգացմանը նպաստող նախաձեռնությունները։ Ավելին, այս նախագծով մենք նպատակադրված ենք մատնանշել, որ մշակութային օջախները եւս կայուն զարգացման հնարավորություն ունեն։ Սա մեր առաջին համագործակցությունը չէ ԷՀԳ-ի եւ ՀԷՑ հետ․ 2021թ․ բանկի ֆինանսական օժանդակությամբ սկիզբ դրվեց «Արեւային էներգիան ի շահ մշակութային ժառանգության» նախաձեռնության առաջին ծրագրին, որով Հովհ. Թումանյանի թանգարանի տանիքին տեղադրվեց 20,08 կՎտ դրվածքային հզորությամբ արեւային ֆոտովոլտային համակարգ։ Ուրախ եմ, որ մեր ֆինանսական օժանդակությամբ արդեն երկրորդ մշակութային օբյեկտին հնարավորություն ենք ընձեռում խնայել միջոցներ՝ ուղղելով դրանք այլ կարեւոր խնդիրների լուծմանը», -  ասել է HSBC Հայաստանի գլխավոր գործադիր տնօրեն Իրինա Սեյլանյանը:
Դիտում՝ 8307
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW