Կառավարությունն այսօր հավանություն է տվել «Խաղային գործունեության կարգավորման մասին», «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ հարակից օրենքների նախագծերին: Կառավարության նիստին Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահ Ռուստամ Բադասյանը նշել է, որ նախագծերի փաթեթով 2 մեծ նպատակ է առանձնացվել.«Առաջին՝ թափանցիկության ապահովումն է. այսինքն՝ խաղային գործունեության ոլորտում գործունեություն ծավալող ընկերությունների շրջանառության նկատմամբ հսկողությունը լինի առցանց, օնլայն ռեժիմով: Երկրորդ՝ պատասխանատու խաղի կանոնների ներդրումն է: Առաջին նպատակի առումով նախատեսվում է ներդնել էլեկտրոնային կառավարման համակարգ, ինչը ենթադրում է կազմակերպիչների տեղեկատվական համակարգերի ծրագրային միջոցների եւ տվյալների բազաների միացումը խաղային ոլորտի կառավարման էլեկտրոնային համակարգի մոնիթորինգային կենտրոնին, ինչպես նաեւ համակարգին միացվող խաղային արտադրանքները պետք է համապատասխանեն միջազգային տեխնիկական ստանդարտներին եւ ունենան համապատասխան սերտիֆիկատներ»: Ռուստամ Բադասյանի խոսքով՝ սերտիֆիկացման փաստը ստուգվելու է օպերատորի կողմից. «Օպերատորը սահմանում է Կառավարությունը մրցութային կարգով, բոլոր այդ խաղային արտադրանքները պետք է միացված լինեն մոնիթորինգային կենտրոնին: Մենք տեղեկություն կունենանք օնլայն ռեժիմով կատարված խաղադրույքի, ստացված շահման եւ մնացած այլ տեղեկատվության մասին»: ՊԵԿ նախագահը նշել է, որ նորամուծություն է՝ ինտերնետ մոլեխաղերի կազմակերպման գործունեությունից ստացված հասույթի մեջ շահումների ծրագրավորված ընդհանուր մեծության նվազագույն չափը պետք է կազմի 90%. «Սա նշանակում է, որ որեւէ խաղային սարքավորում, երբ սերտիֆիկացվում է, ունի որոշակի ժամանակահատվածում որոշակի համամասնությամբ շահում ապահովելու հնարավորություն: Եթե հիմա հնարավոր չէ դա ստուգել, որովհետեւ բացակայում է սերտիֆիկացումը եւ չկա միացում մոնիթորինգային կենտրոնին, ապա օրենքի կարգավորումները ուժի մեջ մտնելուց հետո հնարավոր կլինի ստուգել»: Նշվել է նաեւ, որ մի շարք սահմանափակումներ են դրվում, թե ով չի կարող մասնակցել շահումով խաղին: «Չեն կարող մասնակցել 21 տարին չլրացած անձինք, պետական բյուջեից ֆինանսավորման կամ համաֆինանսավորմամբ իրականացվող սուբսիդավորմամբ որեւէ ծրագրից օգտվող քաղաքացիները, օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվառված են ընտանիքների սոցիալական գնահատման համակարգում եւ ընտանիքի անապահովության հիմքով իրականացվող ծրագրի շահառու են»,- ասել է ՊԵԿ նախագահը: Tweet Դիտում՝ 2494