Կոնվերս Բանկը ներկայացնում է, թե ինչպես տարբերել ֆինանսական բուրգերը
25.12.2023 | 16:31 Գլխավոր էջ / Նորություններ /


Banks.am-ը ներկայացնում է Կոնվերս Բանկի պատրաստած ուղեցույցը, թե ինչպես տարբերել ֆինանսական բուրգերը:
Բանկից խնդրում են լինել հետեւողական եւ զգույշ տարբեր խարդախ մեխանիզմների զոհ չդառնալու համար:
Կա մի քանի նախանշան, որոնք կօգնեն տարբերել ֆինանսական բուրգը.
1. Երաշխավորում են բարձր եկամուտ՝ առանց ֆինանսական որեւէ ռիսկի: Ընկերությունը հրապարակայնորեն խոստանում է շուկայականից անհամեմատ ավելի բարձր եկամուտ: Նշվում է եկամտի հաշվարկման եւ տրամադրման անհասկանալի, բարդ կարգ:
2. Ներդրումների մասին հիմքեր չեն տրամադրում։ Ցույց են տալիս գեղեցիկ նկարներ, տեսանյութեր եւ այլն, սակայն ոչ ֆինանսական փաստաթղթեր: Գումարն առաջարկում են ուղարկել ուրիշ ֆինանսական կազմակերպության հասցեին, որեւէ անձի ֆինանսական քարտին եւ այլն, կամ էլ փոխանցել կանխիկ:
3. Այս դեպքում որեւէ մեկը չի կարող ապացուցել, որ ներդրում է կատարել: Չեն նշում կապի միջոցներ, իսկ ներդրում կատարած դժգոհող անձանց անհիմն արգելափակում են:
4. Առաջարկում են նոր հաճախորդներ ներգրավել եւ յուրաքանչյուր նոր հաճախորդի համար խոստանում հավելյալ եկամուտ:
5. Հնարավոր ներդրողների վստահությանն արժանանալու համար հաճախ հրապարակում են հայտնի ընկերությունների հետ համագործակցության վերաբերյալ կեղծ տեղեկություն։
Այսպես շահագրգռելով մարդկանց՝ փորձում են հնարավորինս սեղմ ժամկետում առավելագույն գումար ներգրավել, յուրացնել եւ «անհետանալ»: Հուսալի ներդրումներ կատարելու եւ հնարավոր ֆինանսական կորուստներից խուսափելու նպատակով.
- Ընտրեք գրանցված ընկերություն, որի մասին տեղեկատվություն կա իրավասու կազմակերպությունների կայքերում:
- Ներդրումների նպատակով ընտրեք այնպիսի ընկերություն, որը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից․ ցանկը հրապարակված է ԿԲ կայքում:
- Ուշադիր կարդացեք, վերստուգեք ֆինանսական պայմանագրերն ու այլ փաստաթղթերը՝ ըստ անհրաժեշտության խորհրդակցելով իրավաբանների հետ:
Կոնվերս Բանկի գործունեության, այլ ընկերությունների հետ համագործակցության վերաբերյալ հավաստի տեղեկատվություն կարող եք ստանալ բանկի պաշտոնական կայքում, ինչպես նաեւ սոցիալական պաշտոնական էջերում կամ զանգահարելով 010-511-211։
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: