ԿԲ նախագահ. Դրամի կարճաժամկետ արժեզրկումը «պայմանավորված էր էմոցիաներով»

12.12.2023 | 17:29 Գլխավոր էջ / Նորություններ /
Կենտրոնական բանկի (ԿԲ) նախագահ Մարտին Գալստյանն այսօր ասել է, որ հոկտեմբերին «դրամի կարճաժամկետ արժեզրկումը պայմանավորված էր անորոշությամբ, էմոցիաներով եւ որոշակի շարժերով»։

Նա նշել է, որ տարբեր սցենարների արդյունքում դրամը կարող է եւ արժեւորվել, եւ արժեզրկվել:

«Կենտրոնական բանկը փոխարժեքը չի դիտարկում որպես նպատակ: Նպատակը գների մակարդակն է, գնաճը։ Ինձ ուրախացնում է այն, որ մեր հայրենակիցները հասկացել են, որ անտեղի էմոցիոնալ արարքներ պետք չէ անել, որովհետեւ դրանց պատճառով հենց իրենք են տուժում։ Այդ դասերը սովորեցինք 2020 թվականի պատերազմի ժամանակ։ Իրավիճակ կար, որ մարդիկ խզում էին իրենց ժամկետային ավանդները, հայկական դրամից անցում էին անում արտարժույթի, սպեկուլյատիվ դիրքեր էին վերցնում արտարժութային շուկայում, ինչն իրենց զրկում էր վաստակած եւ պոտենցիալ եկամուտներից։ Այս առումով, այս տարվա հոկտեմբերին տեղի ունեցածը եւս որոշակի անորոշության աճի ներքո էր։ Շուկայի մասնակիցների կողմից որոշակի շարժումներ եղան, որոնք, մեր գնահատմամբ, ֆունդամենտալ հիմքեր չունեին»,- ասել է ԿԲ նախագահը։

Մարտին Գալստյանը նշել է, որ ԿԲ-ն միջամտեց, որովհետեւ շուկան ինչ-որ պահի դարձել էր միակողմանի։

«Ծավալի տեսանկյունից արձագանքը փոքր էր, որից հետո շուկան որոշակիորեն հանդարտվեց։ Այդ ժամանակից ի վեր ԿԲ-ն որեւէ միջամտություն չի արել, այս պահին բնականոն վիճակ է. կա ե՛ւ առաջարկ, ե՛ւ պահանջարկ, գնորդներ եւ վաճառողներ։ Շուկան այս պահի դրությամբ որոշել է, որ փոխարժեքը 400-ի շրջակայքում պետք է լինի, ուրեմն այդտեղ է ճիշտ գինը»,- հավելել է նա։
Դիտում՝ 2708
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW