Երեւան /Մեդիամաքս/. “Յունիբանկ”-ում շահագործման է հանձնվել Blade տեսակի սերվերային խումբը: Ինչպես այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին տեղեկացրել են “Յունիբանկի” մամլո ծառայությունում, սերվերների ներդրումը հնարավորություն է ընձեռում էապես բարձրացնել աշխատանքի արդյունավետությունը եւ տեղեկատվական համակարգերի հուսալիությունը: Այս համակարգերի բազմակի կրկնորդումը, ինչպես նաեւ արխիվացման ժամանակակից համակարգերը հնարավորություն են տալիս մի քանի անգամ բարձրացնել բանկի աշխատանքի հուսալիությունը: “Այսօր “Յունիբանկի” “Յունիստրիմ” համակարգին բաժին է ընկնում հայաստանյան դրամական փոխանցումների շուկայի 50 տոկոսից ավելին: Համակարգի շրջանառությունն արդեն գերազանցել է $760 մլն-ը: Բնականաբար, մշակման ենթակա տեղեկատվության հոսքի ընդլայնումը պահանջում է աշխատանքի արդյունավետության բարձրացում, իսկ դա, իր հերթին, ենթադրում է եւ հաճախորդների սպասարկման որակի բարելավում, եւ գործընթացների անընդհատության ապահովում”,- ասել է “Յունիբանկի” տեղեկատվական համակարգերի կառավարման գծով տնօրեն Մեսրոպ Հակոբյանը: “Յունիբանկը” նախատեսում է 2009 թվականին մի քանի միլիոն դոլար ներդնել տեղեկատվական տեխնոլոգիաների եւ ՏՏ անվտանգության ոլորտների ենթակառուցվածքներում: Առաջին հերթին դա պայմանավորված է 2009 թվականի մարտին Հայաստանում եւ ԼՂՀ-ում բանկի բոլոր մասնաճյուղերում օն-լայն համակարգի եւ տվյալների միասնական բազայի ներդրման ծրագրերով: 2008թ. հուլիսից նման համակարգ արդեն հաջողությամբ գործարկվել է ՙՅունիբանկի՚ երեւանյան, իսկ հոկտեմբերից նաեւ` Հրազդան, Աշտարակ եւ Արմավիր քաղաքներում տեղակայված մասնաճյուղերում: “Յունիբանկը” հայտարարել է նաեւ, որ այսուհետ Ռուսաստանից դրամական փոխանցումներ ստացողները, ցանկության դեպքում, այդ մասին կարող են տեղեկանալ SMS հաղորդագրության միջոցով: Ծառայությունը վճարովի է, սակայն ամանորյա տոների ընթացքում այն մատուցվելու է անվճար: Tweet Դիտում՝ 13967