Moody's. Հայաստանի տնտեսական աճն առաջիկա տարիներին կտրուկ դանդաղելու է
19.12.2008 | 14:06 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /


Երեւան /Մեդիամաքս/. Հայաստանի պետական պարտատոմսերի Ba2 վարկանիշը եւ դրանց կայունության կանխատեսումը պահպանվում են երկրի պետական պարտքի կառավարելի մակարդակի շնորհիվ, ասվում է Moody's Investors Service միջազգային վարկանիշային գործակալությանª Հայաստանի մասին տարեկան հաշվետվությունում:
Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, հաշվետվությունում ասվում է, որ վարկանիշերը զսպվում են երկրի տնտեսական եւ ինստիտուցիոնալ զարգացման ցածր մակարդակի հետեւանքով` ի թիվս խիտ տնտեսական հիմքի եւ տարածաշրջանային անկայունության:
“Հայաստանն անմիջականորեն չի բախվել համաշխարհային ֆինանսական ճգնաժամին, թեեւ երկրում արդեն զգացվում են ճգնաժամի վերջին փուլի հետեւանքները` համաշխարհային պահանջարկի կրճատման եւ Ռուաստանում, որը Հայաստանի հիմնական առեւտրային գործընկերն ու սփյուռքից եկող դրամական փոխանցումների խոշոր աղբյուրն է, տիրող բարդ իրադրության հետեւանքով”,- ասել է Moody's-ի կրտսեր փոխնախագահ, Հայաստանի գծով գլխավոր վերլուծաբան Ջոան Ֆելդբաում-Վիդրան:
Նա կարծիք է հայտնել, որ երկրի տնտեսական աճն առաջիկա տարիներին կտրուկ դանդաղելու է, սակայն պետական հատվածում խոշոր ներդրումային ծրագրեր իրագործելու կառավարության մտադրությունը կարող է պահպանել աճի ինդեքսը նույնիսկ ֆինանսական միջոցների անբավարարության խորացման պայմաններում:
“Երկրի ցածր պետական պարտքը եւ վերաֆինանսավորման նվազագույն ռիսկերը թույլ են տալիս ներկայիս իրադրության պայմաններում կայուն կանխատեսում անել”,- ասել է Ջոան Ֆելդբաում-Վիդրան:
Նա նշել է, որ Հայաստանի համար հիմնական ֆինանսական ռիսկը թույլ եկամտաբերային բազան է, որը փոխհատուցվում է պարտքի գրագետ կառավարմամբ, պաշտոնական վարկատուների հետ Հայաստանի լավ հարաբերություններով եւ սփյուռքի շնորհիվ լավ իրացվելիությամբ:
Moody's-ը նշում է նաեւ, որ Հայաստանի տնտեսական հեռանկարներին շարունակում են խոչընդոտել Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ լարված հարաբերություններն ու փակ սահմանները, ինչը բարձրացնում է արտահանման եւ ներկրման արժեքը:
“Հայաստանի թույլ ինստիտուցիոնալ ամրապնդվածությունը եւս նրա վարկանիշը զսպող գործոն է”,- ասել է Ջոան Ֆելդբաում-Վիդրան` հավելելով, որ Հայաստանի իշխանությունները գիտակցում են կոռուպցիայի բարձր մակարդակի եւ կեղծ օպտիմալ գործարար միջավայրի հաղթահարման անհրաժեշտությունը` երկարաժամկետ կայուն աճի եւ ներդրումներ ներգրավելու նպատակով:
Հայաստանի վերաբերյալ առաջին վարկանիշերը Moody's-ը հրապարակել էր 2006 թվականին` արտարժույթով տրված պարտատոմսերի եւ երաշխիքների համար Հայաստանին շնորհելով “երկրային առաստաղներ”` Baa3 կայուն կանխատեսմամբ եւ արտարժույթով տրված բանկային ներդրումների համար շնորհելով Ba3 վարկանիշը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: