Նոյեմբերի 10-12-ը ՀՀ կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում տեղի է ունեցել CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթ 2023-ի գալա միջոցառումը, որի գլխավոր գործընկերն այս տարի Բիբլոս Բանկ Արմենիան էր։ Բանկից հայտնել են, որ մոտ 200 երիտասարդ 3 հագեցած օր է անցկացրել Դիլիջանում, շփվել ֆինանսաբանկային համակարգի պրոֆեսիոնալների հետ եւ աշխատել Բիբլոս Բանկ Արմենիայի կողմից առաջադրված՝ ընկերության զարգացման ռազմավարական քեյսի լուծման վրա։ Մրցույթի կիսաեզրափակիչ փուլը հաղթահարած հինգ լավագույն թիմը եզրափակիչ փուլում պաշտպանել են իրենց ոչ ստանդարտ լուծումները պրոֆեսիոնալ ժյուրիի ներկայությամբ, որի կազմում էին ինչպես Կենտրոնական բանկի ու Բիբլոս Բանկ Արմենիայի ղեկավար կազմի, այնպես էլ հայաստանյան մի շարք առաջատար ընկերությունների ներկայացուցիչներ:Բիբլոս Բանկ Արմենիան մասնակիցների համար նաեւ անակնկալ էր պատրաստել. ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Ստեփանյանը հայտարարել է, որ բանկը կհովանավորի մրցույթի հավաքական թիմի մասնակցությունը 2024 թվականի գարնանը Բուդապեշտում կայանալիք Կորվինի անվան համալսարանի բիզնես խնդիրների լուծման մրցույթին։«Ուրախ ենք աջակցել CaseKey 2023 բիզնես խնդիրների լուծման մրցույթի կայացմանը։ Բիբլոս Բանկ Արմենիայում կարեւորում ենք եւ՛ ակադեմիական, եւ՛ ոչ ֆորմալ կրթության դերը երիտասարդների ռազմավարական մտածողության եւ ճիշտ կողմնորոշվելու նրանց հմտությունների զարգացման մեջ։ Այս տարի բանկը տոնում է հիմնադրման 15-ամյակը, մենք որոշել էինք կարեւոր կրթական նախագծերով նշել այս ձեռքբերումը։ Եվ մեր այս հանձնառության տրամաբանական շարունակությունը կլինի երիտասարդների մասնակցությունը Բուդապեշտում կայանալիք մրցույթին՝ արդեն միջազգային ձեւաչափով»,- ասել է Հայկ Ստեփանյանը։CaseKey մրցույթն արդեն երրորդ տարին անընդմեջ անցկացվում է Կենտրոնական բանկի աջակցությամբ։ Այն եզակի ձեւաչափ է, որի շրջանակում ամբողջ տարվա ընթացքում մասնակիցները ծանոթանում են տարբեր ընկերությունների մշակույթին եւ աշխատում իրական բիզնես խնդիրների լուծման վրա: Ուսանողներն ու երիտասարդ պրոֆեսիոնալները սովորում են Հայաստանի առաջատար մասնագետներից եւ քոուչներից, լուծում հայկական ընկերությունների կողմից առաջադրված իրական բիզնես խնդիրներ եւ ներկայացնում լուծումներ։«Կարիերայի զարգացման եւ արդյունավետ աշխատանքի իրականացման համար քննադատական եւ ռազմավարական մտածելակերպը շատ կարեւոր է թե՛ Կենտրոնական բանկում, թե՛ բիզնեսում, թե՛ ցանկացած այլ ոլորտում։ CaseKey մրցույթը երիտասարդ մասնագետներին յուրահատուկ հնարավորություն է տալիս այս հմտությունները զարգացնելու եւ կիրառելու համար՝ պրոֆեսիոնալ եւ բավականին պահանջկոտ աշխատանքային միջավայրում»,- նշել է Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։Նշվում է, որ հիմնադրման 15-ամյակի միջոցառումները պլանավորելիս Բիբլոս Բանկ Արմենիան կենտրոնացել էր հատկապես կրթության ոլորտի վրա, եւ CaseKey 2023-ն ընտրվել էր որպես գործնական հմտություններ սովորեցնող հետաքրքիր նախագիծ։ 6 ամիս տեւած մրցույթի ամբողջ ընթացքում բանկը մշտապես կանգնած էր մասնակիցների կողքին՝ սատարելով նրանց կարողությունների զարգացմանը։ «Մենք հավատում ենք, որ բիզնես քեյսերի վրա հիմնված ուսուցումն առանցքային է Հայաստանի կրթական համակարգի առաջխաղացման համար: Վերջին երեք տարվա ընթացքում մեր հավատարմությունը այս մոտեցմանը անսասան է եղել, եւ մենք երախտապարտ ենք մեր բոլոր աջակիցներին, որոնք այս ընթացքում մեր կողքին են եղել: Ուզում ենք հատուկ շնորհակալություն հայտնել Բիբլոս Բանկ Արմենիային իրենց նվիրվածության եւ աջակցության համար, ինչպես նաեւ Հայաստանի Կենտրոնական բանկին իրենց անգնահատելի ներդրումների համար: Միասին մենք կերտում ենք կրթության ապագան Հայաստանում եւ հզորացնում հաջորդ սերնդի առաջնորդներին»,- նշել է CaseKey մրցույթի հիմնադիր նախագահ Արշակ Կարապետյանը։ Tweet Դիտում՝ 4607