Նոր Porsche Panamera-ն՝ վարորդակենտրոն սրահի կոնցեպտով

08.11.2023 | 12:19 Գլխավոր էջ / Նորություններ /
#Porsche Driver Experience #Panamera
Նոյեմբերի 24-ին հանրությանը ներկայացվելիք նոր սերնդի մոդելում Porsche Panamera-ն համալրված կլինի Porsche Driver Experience կառավարման հայեցակարգով, որն առաջին անգամ ներկայացվել է Taycan մոդելում:

Այն ներառում է ամբողջապես թվային դիսփլեյ, անհատականացման տարբերակների լայն շրջանակ եւ ինտուիտիվ կառավարում: Կոնցեպտի հիմնական առանձնահատկությունն այն է, որ մեքենա վարելուն վերաբերող կառավարման բոլոր տարրերը խմբավորված են մեկ տեղում՝ անմիջապես ղեկի շուրջը: Այսպիսով, վարորդը կարող է բոլոր հիմնական գործառույթները կատարել արագ եւ հեշտ՝ ինտուիտիվ կերպով: Դա հեշտացնում է նոր Panamera-ի շահագործումը բոլոր իրավիճակներում, հատկապես դինամիկ վարման ժամանակ:  



Վարորդի վրա կենտրոնացած լինելու փաստն արտահայտվում է բազում մանրուքներում: Օրինակ՝ սարքերի վահանակի ընտրանքային նավարկման, ինչպես նաեւ վարելու ծրագրերի ընտրության փոխարկիչները Porsche-ն տեղադրում է ղեկանվի վրա: Անմիջապես դրա կողքին տեղակայված է փոխանցումների փոխարկման լծակը: Այս որոշման շնորհիվ կենտրոնական վահանակի վրա տեղ է ազատվել կլիմայի կառավարման նրբաճաշակ պանելի համար․ վերջինիս վրա համատեղվել են հպազգայուն մակերեսները եւ ֆիզիկական անջատիչները մեկ լուծումով, այն եւ՛ ինտուիտիվ է, եւ՛ էլեգանտ: Կենտրոնական վահանակին տեղադրված են նոր, առանց եզրերի, էլեկտրակարգավորվող օդամղիչներ: Կոճակի մեկ հպումով հնարավոր է ընտրություն կատարել կլիմայի կարգավորման նախադրված եւ անհատականացված ռեժիմների միջեւ, իսկ կենտրոնական վահանակի պահախցիկն առաջարկում է ավելի մեծ տարողունակություն, քան երբեւէ:  



Թվային սարքերի վահանակը նույնպես վարորդակենտրոն է: 12.6 դյույմանոց էկրանը տարբերվում է իր կոր դիզայնով եւ անկախ, չկապակցված կոնստրուկցիայով: Porsche-ն հստակորեն առանձնացնում է վարելու հետ կապված տեղեկատվությունը երեք առանձին հատվածում, որոնց համար հասանելի են տարբեր կարգավորումներ՝ կախված սարքավորումներից եւ ցուցադրման ընտրված տեսակից: Լրացուցիչ, օպցիոնալ պրոյեկցիոն էկրանը կարելի է կառավարել անմիջապես սպորտային ղեկանվից:  



Վառ դիզայնը եւ թանկարժեք նյութերը ստեղծում են բարձրորակ եւ սպորտային մթնոլորտ նոր Panamera-ի սրահում: Դիզայնի նոր կոնցեպտը տպավորում է իր դինամիկ շարունակականությամբ, որն ընդգրկում է կենտրոնական վահանակից մինչեւ կառավարման պանելը՝ տարածվելով նաեւ նոր Panamera-ի դռների վրա: Կտրուկ բարձրացված կենտրոնական վահանակի հետ մեկտեղ այն Panamera-ի խցիկի որոշիչ առանձնահատկությունն է: Առաջին անգամ Porsche-ն համալրում է մոդելը մշտական թույլ լուսավորությամբ՝ վահանակի ամբողջ երկայնքով, ինչն ընդգծում է ավտոմեքենայի լայնությունը: Բոլոր Panamera մոդելներն այժմ ավելի հարմարավետ են, քան երբեւէ՝ շնորհիվ նստատեղերի փրփրապլաստե նյութերի, որոնք բարձրացնում են հարմարավետության մակարդակը՝ ի հաշիվ բարելավված առաձգականության: Ներկայացուցչական դասի Panamera մոդելները համալրված են նորովի մշակված՝ նստելու օպտիմալացված դիրք ապահովող հետեւի նստատեղերի համակարգով: Դրա շնորհիվ հետեւի ուղեւորները երկար ճանապարհորդություններից հետո իրենց ավելի հանգիստ են զգում:  

Նոր Panamera-ի համար Porsche-ն առաջարկում է բացառիկ նուրբ նյութերի եւ երկերանգ դիզայնի լայն ընտրանի: Մթնոլորտն էլ ավելի են բարելավում դեկորի եւ համապատասխան շեշտադրումներ ունեցող տարբերակները: Դրանցից մի քանիսն առաջարկում է Porsche Exclusive Manufaktur-ը: Առաջին անգամ Porsche-ն առաջարկում է հարդարում՝ առանց կաշվի օգտագործման․ համադրվում են, մասնավորապես, սպորտային նյութերը, ինչպես, օրինակ՝ Race-Tex-ը եւ Pepita կտորները:
Դիտում՝ 1950
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW