Հայաստանն ու Իրանը կհամատեղեն ջանքերն աշխատուժի փոխանակման գործընթացը պարզեցնելու ուղղությամբ

01.11.2023 | 10:14 Գլխավոր էջ / Նորություններ /
#Հայաստան #Իրան #հուշագիր
Հայաստանի եւ Իրանի միջեւ համագործակցության ամրապնդման ու աշխատուժի փոխանակման նպատակով ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր:

Այն ստորագրել են Իրանում գտնվող Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը եւ ԻԻՀ կոոպերացիայի, աշխատանքի եւ սոցիալական բարեկեցության նախարար Սեյեդ Սոուլաթ Մորթազավին:

Վերջիններս պարտավորվել են համատեղել ջանքերը` զբաղվածության ապահովման, ապօրինի միգրացիայի կանխման եւ աշխատուժի փոխանակման գործընթացի պարզեցման ուղղությամբ։

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից հայտնել են, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել նաեւ պարբերաբար տեղեկատվություն փոխանակել երկու երկրներում առկա թափուր աշխատատեղերի, ոլորտների, ինչպես նաեւ պահանջվող մասնագիտական որակավորումների մասին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են աշխատանքի եւ սոցիալական պաշտպանության ոլորտում երկու երկրների միջեւ համագործակցության ընդլայնման հնարավորությունները, անդրադարձ է կատարվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի։

Նախարար Մկրտչյանը վստահություն հայտնել, որ առաջիկայում եւս համագործակցությունը կշարունակի զարգանալ՝ ելնելով երկրների եւ ժողովուրդների լավագույն շահերից։

Սեյեդ Սոուլաթ Մորթազավին նշել է, որ պատրաստակամ են իրենց լավագույն փորձը, ներուժն ու հնարավորությունները ներկայացնել հայկական կողմին՝ ի նպաստ հարեւան երկրի սոցիալական պաշտպանության համակարգի զարգացման։
Դիտում՝ 1268

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW