Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը եւ Apricot Capital-ը հուշագիր են կնքել

24.10.2023 | 17:37 Գլխավոր էջ / Նորություններ /
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը եւ հայաստանյան «Էփրիքոթ Կապիտալ» (Apricot Capital) ներդրումային լիցենզավորված ընկերությունը համագործակցության հուշագիր են կնքել։

Կարեւորելով բուհ-մասնավոր հատված համագործակցության դերն ուսանողների կրթության, մասնագիտացման ոլորտում եւ գործարար մակարդակում դրանց կիրառման գործընթացներում՝ կողմերը հուշագրով պատրաստակամություն են հայտնել մեկտեղել ջանքերը, փորձն ու ներուժը կրթական ծրագրերի մշակման եւ իրականացման, ընկերությունում պրակտիկաների անցկացման, համատեղ սեմինարների, կրթական հանդիպումների կազմակերպման, փորձի փոխանակման եւ այլ ուղղություններով։

ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանն ասել է.

«Բուհն անում է ամեն ինչ՝ տեսական հարուստ գիտելիքին զուգահեռ  ուսանողներին գործնական հմտություններ փոխանցելու ուղղությամբ եւ այդ համատեքստում համագործակցում է գործատուների հետ։ «Էփրիքոթ կապիտալի» հետ ստորագրվող այս հուշագիրն էլ կամրապնդի այս գործընթացն ու մեր ուսանողները հնարավորություն կունենան իրենց ստացած գիտելիքները կիրառել գործնական դաշտում, ծանոթանալ աշխատաշուկայի հնարավորություններին»։


Apricot Capital-ի գործադիր տնօրեն Վաչիկ Գեւորգյանը նշել է.

«Ֆինանսական ոլորտի, առավել եւս ներդրումային ընկերությունների համար այսօր որակյալ կադրեր ունենալն առաջնային խնդիր է։ Հաշվի առնելով նաեւ այն փաստը, որ ներդրումային գործունեությունն ու այդ տեսակի ընկերությունները Հայաստանում դեռ նոր են սկսում զարգանալ, շատ կարեւոր ենք համարում, որ երիտասարդները հենց ուսանողական տարիներից հնարավորություն ունենան ծանոթանալու այս ոլորտում եւ ընկերություններում աշխատելու նրբություններին։ Ուստի տվյալ համատեքստում բուհ-մասնավոր համագործակցությունն առավել քան կարեւոր է։ Վստահ եմ, որ մեր սերտ համագործակցության արդյունքը տեսանելի կլինի կարճ ժամանակում։ Apricot Capital-ը գործունեություն է ծավալում նաեւ միջազգային շուկայում եւ կիրառում է ներդրումային ժամանակակից գործիքներ, մեր ընկերությունում փորձառությունների (պրակտիկա) եւ փորձի փոխանակման միջոցառումների միջոցով երիտասարդ կադրերին հասանելի ենք դարձնելու միջազգային ֆինանսական շուկաներում առկա ժամանակակից միտումներն ու նպաստելու ենք նոր գիտելիքների ձեռքբերմանը։ Իսկ լավագույն ուսանողները նաեւ հետագայում հնարավորություն կունենան աշխատանքի անցնել մեր ընկերությունում»:

Ուսանողներն այս տարվանից արդեն մասնագիտական փորձառություն կանցնեն Apricot Capital-ում։

Ըստ հուշագրի Apricot Capital-ն աջակցելու է Համալսարանում լսարան(ներ)ի վերանորոգմանը, տեխնիկական կահավորմանն ու հագեցվածության ապահովմանը։ Լսարաններից մեկի վերանորոգման աշխատանքներն արդեն իսկ սկսվել են։

Դիանա Գալոյանը եւ Վաչիկ Գեւորգյանի խոսքով՝ նման լսարանների առկայությունն ուսումնական հաստատությունում էական նշանակություն ունի։ «Ուրախալի է, որ «Էփրիքոթ կապիտալը» ցանկություն է հայտնել ավելի բարելավել մեր ուսանողների ուսումնառության պայմանները՝ լսարան նվիրելով բուհին։ Լսարանը կկոչենք «Էփրիքոթ», որպեսզի ավելի ամրապնդվի ընկերության անունը եւ, որպես գործատու, ճանաչելի դառնա ուսանողների շրջանում»,- ասել է Դիանա Գալոյանը։

Լսարանը շահագործման կհանձնվի մինչեւ այս տարվա վերջ։ Այնտեղ կազմակերպվելու են մասնագիտական սեմինարներ, բաց դասեր եւ հանդիպումներ։

***

Apricot Capital-ը Հայաստանում 2022 թվականին գրանցված եւ լիցենզավորված ներդրումային ընկերություն է, որը ֆիզիկական եւ իրավաբանական անձանց տրամադրում է համապարփակ ֆինանսական ծառայություններ՝ ներառելով բրոքեր-դիլերային, ակտիվների կառավարման եւ խորհրդատվական ծառայություններ: Թիմը բաղկացած է ֆինանսական համակարգում մեծ գիտելիքներ եւ փորձ ունեցող լավագույն մասնագետներից։ Կենտրոնանալով նորարարության եւ հաճախորդամետ լուծումների վրա՝ Apricot Capital-ը շարունակում է սահմանել ոլորտի չափանիշները եւ ներկայանալ որպես՝  Հայաստանում  ներդրումային գործիքներ եւ արդյունավետ հարթակ տրամադրող ընկերություն։
Դիտում՝ 7701
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW