«Մենք ենք մեր սարերը» տարածքային զարգացման գործակալությունը շուրջ 200 տոննա բարձր սննդային արժեք ունեցող չոր սնունդ կտրամադրի Արցախից բռնի տեղահանված 5000 ընտանիքի: «Այս փուլում, երբ արցախցիները հրատապ կարիքներ ունեն, մենք պատրաստ ենք օգնություն ցուցաբերել՝ սկսած առօրյա կարիքներից։ Չոր սննդամթերքը, ինչպիսին են մակարոնեղենը, ալյուրի տարբեր տեսակները եւ բարձրորակ կաթի փոշին, հասանելի կլինեն թիրախային բաշխման համար»,- նշել է գործակալության արցախյան նախագծերի ղեկավար Գրիգորի Մարտիրոսյանը։Գործակալությունից հայտնել են, որ շուրջ $600,000 արժողությամբ սննդամթերքը հնարավոր է եղել ձեռքբերել «Մենք ենք մեր սարերը» գործակալության նվիրատուների եւ Ռուբեն Վարդանյանի ընտանիքի աջակցությամբ: «Մենք հասկանում ենք, որ երկարաժամկետ, համակարգային եւ համաձայնեցված մոտեցում է պահանջվում այս չափազանց դժվարին պայմաններում արցախցիների համար կեցության արժանապատիվ հնարավորություններ ապահովելու համար: Մենք կանենք հնարավոր ամեն ինչ, որ մասնակից լինենք այդ ջանքերին, եւ ես գիտեմ, որ Ռուբենը շատ շնորհակալ է յուրաքանչյուրին, ով աջակցում է Արցախի ժողովրդին այս դժվարին պահին։ Այս փուլում կենտրոնանալով հրատապ կարիքների վրա՝ մենք նախատեսում ենք առաջիկայում հնարավորություններ ստեղծել կրթության, հմտությունների զարգացման եւ վերապատրաստման ծրագրերի միջոցով արցախցիների ներուժը զարգացնելու համար»,- ասել է Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը։ Tweet Դիտում՝ 1602