«Գալաքսի» ընկերությունների խումբը Հայկական Կարմիր խաչի ընկերության հետ համատեղ նախաձեռնում է կորպորատիվ ոլորտի համայնքային մարդասիրական նախաձեռնություն՝ ուղղված Արցախից բռնի տեղահանված հայրենակիցների աջակցությանը: Հոկտեմբերի 11-ին Հայկական Կարմիր խաչի ընկերության (ՀԿԽԸ) գլխավոր գրասենյակում փոխըմբռնման հուշագիր են ստորագրել ՀԿԽԸ գործադիր տնօրեն Աննա Եղիազարյանը եւ «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր եւ գլխավոր տնօրեն Արամ Խաչատրյանը: «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների խնդիրները որոշակի չափով մեղմելու հարցում բոլորս միասնական ենք եւ պատրաստակամ: Այս իմաստով մեծապես կարեւորում եմ մեր համագործակցությունը Հայկական Կարմիր խաչի հետ, որն այս օրերին իրականացրել է տիտանական աշխատանք: «Գալաքսի» ընկերությունների խումբը` խմբի կազմում հանդես եկող ընկերությունների եւ նրանց աշխատակիցների հետ համատեղ ուժերով, նույնպես միանում է իրականացվող մարդասիրական աշխատանքին: Սա ոչ թե ընկերությունների, այլ իր ընկերություններով հանդերձ «Գալաքսի» համայնքի աջակցությունն է՝ գաղափարական, ապա նաեւ մարդասիրական»,-ասել է Արամ Խաչատրյանը: Նախաձեռնության շրջանակում Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանված 5 000 ընտանիքներ կստանան 100 տոննա պարենային ապրանքներ` պարենային փաթեթների տեսքով ամենօրյա կարիքների եւ ձմռանը դիմակայելու համար: Փաթեթները կկազմվեն լավագույն ապրանքների, արժանավայել փաթեթավորման եւ ներկայացման սկզբունքով, որի համար Հայկական Կարմիր խաչին կմիանա նաեւ խմբի անդամ ընկերություններից շուրջ 300 կամավոր աշխատակից: Նախաձեռնությունն իրականացվում է «Գալաքսի» ընկերությունների խմբում հանդես եկող «Այ Յու Նեթվորքս», «Խրոնոգրաֆ», «Գեյթ2», «Մեգաֆուդ», «Փոլ Հայաստան», «Սանտաֆե», «Տերյան5», «Թայմ», «Յուքոմ», «Երեւան մոլ» ընկերությունների հետ միասին՝ հիմնադիրների զգալի ֆինանսական աջակցությամբ: Նախաձեռնության կազմակերպչական աշխատանքները իրականացվելու են խմբի «ԱքսելՄոնդրիան եւ գործընկերներ» ընկերության կողմից, իսկ շահառուների ընտրության եւ փաթեթների բաշխման ողջ ընթացակարգը կազմակերպվելու է Հայկական Կարմիր խաչի կողմից: «Մենք ողջունում ենք եւ բարձր ենք գնահատում կորպորատիվ հատվածի կողմից սոցիալական պատասխանատվություն դրսեւորելու քայլերը՝ ուղղված խոցելի խմբերի մարդասիրական հոգսերի հնարավորինս թեթեւացմանը։ Վստահ եմ, որ նման օրինակելի՝ համապարփակ, բազմակողմանի եւ շարունակական համագործակցությունը մարդասիրական կազմակերպության եւ բիզնես ընկերությունների խմբի միջեւ, մարդասիրական աջակցության տրամադրման եւ համայնքների դիմակայունության բարձրացման արդյունավետ ձեւաչափ է»,- նշել է Հայկական Կարմիր խաչի ընկերության գործադիր տնօրեն Աննա Եղիազարյանը: Բաշխումն ըստ մարզերի կմեկնարկի հոկտեմբերի կեսերից: Կողմերը թափանցիկության եւ հաշվետվողականության պարբերական զեկույցներ կներկայացնեն հանրությանը: Tweet Դիտում՝ 1824