Արտարժույթի արժեւորումը խուճապի արդյունք է, ասում են տնտեսագետները

04.10.2023 | 10:59 Գլխավոր էջ / Նորություններ /
#Արտարժույթի արժեւորում
«Դի-ԷՍ-ԷՅ Խորհրդատվական խումբ» ընկերության գլխավոր տնօրեն, Պետական եկամուտների կոմիտեի նախկին ղեկավար Դավիթ Անանյանն անդրադարձել է արտարժույթի արժեւորմանը ՀՀ դրամի նկատմամբ:

Դավիթ Անանյանն ասել է, որ դա «տնտեսությունից եկող ազդակների արդյունք չէ, եւ տնտեսագիտական որեւէ հիմնավորում չունի, այլ՝ էլեմենտար պանիկայի արդյունք է»։

«Վերջին իրադարձությունները, եւ, հատկապես, ՀՀ Ազգային Ժողովի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը արտարժույթի խոշոր սպառողների եւ, առհասարակ, ազգաբնակչության մոտ առաջացրել է բացասական սպասումներ՝ կապված ապագա անորոշությունների հետ։ Բացասական սպասումները հանգեցրել են խուճապային վարքագծի, իսկ բանկային համակարգի կողմից «անհրաժեշտ» քանակության արտարժութային պահանջարկի չբավարարումը հանգեցրել է էլեմենտար խուճապի։
Թերևս, տարօրինակ է ՀՀ կենտրոնական բանկի անգործությունը (որը կարծես հույսը դրել է շուկայի ինքնակարգավորման կարողության վրա)։ Որոշակի քանակությամբ արտարժութային ներարկումը, թերեւս, շատ արագ կկարգավորեր իրավիճակը», - նշել է Դավիթ Անանյանը:

Թեմային անդրադարձել է նաեւ Սոցիալ-տնտեսական ուսումնասիրությունների հայկական կենտրոնի (ACSES) տնօրեն Հայկազ Ֆանյանը:

«Ակնհայտ է, որ կարճաժամկետում (ընդամենը 14 օրվա ընթացքում) չէին կարող լինել այնպիսի տնտեսական հիմքեր, որ դրամն այսքան արժեզրկվեր, հետեւաբար սա բացասական տնտեսական զարգացումների սպասումից առաջացած խուճապն է», - նշել է նա:

Հայկազ Ֆանյանն ասել է, որ ս.թ. հունվարի 1-ից մինչեւ սեպտեմբերի 18-ը Հայաստանի ներբանկային շուկայում դոլարի պահանջարկի օրական միջնարժեքը եղել է $30.9 մլն, իսկ հոկտեմբերի 3-ին՝ $56.3 մլն:

«Այսինքն, «սովորականի» համեմատ պահանջարկն աճել է 81.9%-ով, իսկ spread-ը եղել է 3.01 դրամ: Հոկտեմբերի 3-ին այն հասել է 11.77 դրամի, այսինքն, միայն մեկ օրում, այլ հավասար պայմաններում, պարզեցված հաշվարկով բանկերի հավելյալ եկամուտը խուճապից եղել է ավելի քան 569.2 մլն դրամ», - արձանագրել է ACSES-ի տնօրենը:
Դիտում՝ 3101
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW