Կառավարությունն այսօր հավանություն է տվել «Հայաստանի 2024 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծին: Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն օրենքի նախագիծը ներկայացնելիս ասել է, որ բյուջեն հաստատվում է այնպիսի միջավայրում, երբ տասնյակ հազարավոր տեղահանված փախստականներ կան.«Նրանց պետք է ապահովենք անհրաժեշտ առաջնային հոգատարությամբ, իսկ միջնաժամկետ հատվածում ապահովենք արժանապատիվ կեցությունը Հայաստանում: Այս պահին չունենալով հստակ պատկերացում Հայաստան տեղափոխվել ցանկացողների թվի մասին՝ մենք բյուջեում սահմանել ենք առանձին տող ԼՂ-ից բռնագաղթած անձանց վերաբերյալ, որտեղ նախնական նախատեսել ենք 10 մլրդ դրամ, որի մեծությունը բյուջեի քննարկման հետագա փուլերում, անհրաժեշտության դեպքում, կավելացնենք»,- ասել է նախարարը:Նրա խոսքով՝ պետական բյուջեի մշակման հիմքում դրվել են ռիսկերի կառավարման նոր մոտեցումներ, որոնք բխում են ներկա տուրբուլենտ աշխարհում եւ տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններից ածանցվող մեծ անորոշությամբ. «Չնայած դժվարին մարտահրավերներին՝ Հայաստանի տնտեսությունը դրսեւորել եւ շարունակում է դրսեւորել բավական բարձր դիմադրողականություն»: Tweet Դիտում՝ 2532