«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի (HSBC Հայաստան/Բանկ) եւ «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպության համատեղ ջանքերով մարզաբնակ 200 երիտասարդ աշխատանքի անցնելու կամ սեփական բիզնեսը հիմնելու հնարավորություն է ստացել։Ազդարարվել է HSBC Խմբի կողմից ֆինանսավորվող եւ «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Երիտասարդները հանուն համայնքի զարգացման» երկամյա ծրագիրը, որին ներկա էին «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպության հիմնադիր Արմինե Հովհաննիսյանը, HSBC Հայաստանի գլխավոր գործադիր տնօրեն Իրինա Սեյլանյանը, ծրագրի շահառուները եւ այլ հյուրեր:«Նախաձեռնությունն ի սկզբանե նպատակ ուներ բարձրացնել Լոռու, Շիրակի, Վայոց ձորի եւ Արագածոտնի մարզերի սահմանամերձ համայնքներում բնակվող եւ սոցիալապես անապահով երիտասարդների զբաղվածության մակարդակը` նպաստելով նրանց ձեռնարկատիրական կարողությունների զարգացմանը եւ սոցիալական ներառմանը։ Ծրագրում ընդգրկվել էին նաեւ Արցախից տեղահանված 16-35 տարեկան երիտասարդներ, որոնք, մասնագիտական հմտությունների զարգացմանը զուգընթաց, ծանոթացել են նաեւ բիզնեսի կառավարման, ձեռնարկատիրական գործունեության առանձնահատկություններին եւ բարձրացրել ֆինասական գրագիտության մակարդակը։ Կիրառելով ձեռք բերված գիտելիքները` ծրագրի շահառուները ներկայացրել են իրենց բիզնես նախագծերը, որոնցից լավագույն 25-ը գաղափարի իրականացման նպատակով ստացել են ֆինանսական աջակցություն»,- ասված է բանկի հաղորդագրությունում:«Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպության հիմնադիր Արմինե Հովհաննիսյանը կարեւորել է ծրագիրը` նկատելով, որ նման նախաձեռնությունները հնարավորություն են տալիս ձեռք բերել հմտություններ` հետագայում արժանապատիվ աշխատանք ունենալու համար։«Ուրախությամբ պետք է նշեմ, որ երիտասարդներից շատերն իրենց համայնքներում գտել են աշխատանք, ոմանք էլ հիմնել են սեփական բիզնեսը: Վերոնշյալն ինձ ոգեւորում է, քանի որ նպաստում է ծրագրի գլխավոր նպատակի իրագործմանը` աղքատության հաղթահարմանը մարզերում»,- ասել է Արմինե Հովհաննիսյանը:Միջոցառմանը կազմակերպված տոնավաճառի (բիզնես Էքսպո) ընթացքում ծրագրի շահառուները հյուրերին են ներկայացնել իրենց աշխատանքները եւ վաճառել դրանցից մի քանիսը: «HSBC-ն ողջ աշխարհում ստանձնել է երկարաժամկետ պարտավորություն` աջակցելու այն համայնքներին, որտեղ գործունեություն է ծավալում: Հայաստանում հիմնադրման առաջին իսկ օրերից մեր բանկը, համագործակցելով բարեգործական կազմակերպությունների հետ, իրականացնում է ծրագրեր` համայնքների կյանքում դրական ազդեցություն ունենալու եւ սոցիալապես անապահով խմբերին հույս պարգեւելու նպատակով: «Օրրան»-ի հետ մեր համագործակցությունն արտացոլում է այս հանձնառությունը: Վստահ եմ, որ այս ծրագիրը հիմք կծառայի մարզերում զբաղվածության ապահովման համար` ունենալով երկարաժամկետ դրական ազդեցություն տեղի բնակիչների կյանքում»,- նշել է HSBC Հայաստանի գլխավոր գործադիր տնօրեն Իրինա Սեյլանյանը: Tweet Դիտում՝ 7747