ԱՆԻՖ-ն ԱՄԷ-ի հետ համատեղ իրականացնում է երկու մեծ ծրագիր
18.09.2023 | 15:11 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ ԱՆԻՖ




ԱՆԻՖ-ից հայտնել են, որ ծրագրերից մեկը Աբու Դաբիի Մասդար ընկերության հետ համատեղ 200 ՄՎտ հզորությամբ «Այգ-1» ֆոտովոլտային կայանի կառուցման ծրագիրն է: Արդեն ավարտվել է շրջակա միջավայրի եւ սոցիալական ազդեցության գնահատման փուլը։ ՇՄԱԳ-ն իրականացվել է միջազգային ֆինանսական հաստատությունների կատարողականի չափանիշներին համապատասխան: Ներկայում բանակցություններ են վարվում միջազգային ֆինանսական խոշոր հաստատությունների հետ` կայանի շինարարական փուլը ֆինանսավորելու համար: Առաջիկայում այդ բանակցությունները կավարտվեն, եւ կայանի շինարարությունը նախատեսվում է սկսել այս տարվա 4-րդ եռամսյակում:
Տեղեկացվել է նաեւ, որ Մասդար ընկերության հետ ներկայում քննարկվում է երկրորդ` «Այգ-2», արեւային կայանի կառուցման նախագիծը, որի հզորությունը կազմելու է 201 ՄՎտ:
Ռազմավարական նշանակություն ունեցող երկրորդ խոշոր ներդրումային ծրագիրը ԱՆԻՖ-ի եւ Էյր Արաբիա ընկերության համատեղ Ֆլայ Արնա հայկական ազգային ավիաընկերության ստեղծումն էր, որն էլ անցած տարվա հունիսից սկսել է չվերթներ իրականացնել։ Այս պահին ավիաընկերությունն արդեն թռիչքներ է իրականացնում 6 ուղղությամբ: Առաջիկայում նախատեսվում են նոր չվերթներ եւս: Վերջերս ընկերությունը դիմել եւ հաջողությամբ ավարտել է գործառնական անվտանգության IOSA աուդիտը՝ դառնալով Հայաստանում IOSA անվտանգության վկայական ունեցող միակ ընկերությունը։ Սա բոլորովին նոր ձեռքբերում է հայկական ավիացիայի ոլորտում:
«Հայաստան-ԱՄԷ» բիզնես ֆորումի ժամանակ ԱՆԻՖ-ի գործադիր տնօրեն Դավիթ Փափազյանն ասել է, որ այս երկու նախագծերն էլ Հայաստանի համար կարեւոր են ոչ միայն ներդրումային տեսանկյունից, այլեւ Հայաստանում նախադեպը չունեցող չափորոշիչներ են սահմանում:
«ԱՄԷ-ի գործընկերների հետ մենք արդեն սահմանել ենք նոր չափանիշներ. լինի դա «Այգ-1» նախագծի համաշխարհային կարգի Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումը, թե Ֆլայ Արնայի IOSA անվտանգության վկայականը` այս նախագծերը բարձրացնում են նշաձողը ոչ միայն կոնկրետ ոլորտում, այլեւ ինքնին բիզնես միջավայրում»,-նշել է Դավիթ Փափազյանը:
Հիշեցնենք որ, ԱՆԻՖ-ը ստեղծվել է 2019թ.-ին, այն ՀՀ կառավարության ներքո գործող ընկերություն է, որի գործունեությունը միտված է խոշորագույն ներդրողների եւ գործընկերների հետ համատեղ բիզնես եւ ներդրումային նախագծերի իրականացմանը: ԱՆԻՖ-ի նպատակն է լինել ակտիվ ներդրող եւ գործընկեր՝ խթանելով ներդրումները Հայաստանի տնտեսության կարեւորագույն ոլորտներում։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: