«Լույս» հիմնադրամը վերլուծել է 2023թ. հունվար-հուլիս ամիսներին ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները եւ նշել, որ «տնտեսական ակտիվության աճի բարձր տեմպը շարունակում է դանդաղել, ինչպես եւ սպասվում էր»: «2023թ. առաջին ամիսներին գրանցված տնտեսական աճի բարձր տեմպը պայմանավորված էր նախորդ տարվա սկզբում ռուս-ուկրաինական հակամարտության սրման հետեւանքով ՀՀ տնտեսության համար առաջացած դրական գործոններով, որոնց ազդեցության չափը աստիճանաբար ավելի քիչ է արտացոլվում ընթացիկ տարվա տնտեսական ակտիվության ցուցանիշներում: Արդյունքում ՏԱՑ-ի տեմպը նվազում է վերջին ամիսներին: Այս երեւույթը, եթե այլ շոկեր չլինեն, կշարունակվի նաեւ հաջորդ ամիսներին, արդյունքում ականատես կլինենք ՏԱՑ-ի հետագա դանդաղմանը:Արդյունաբերության ոլորտի զարգացումները շարունակում են մնալ բավական մտահոգիչ: Արդյունաբերության ոլորտում հունիս եւ հուլիս ամիսներին գրանցվել է տնտեսական ակտիվության անկում՝ համապատասխանաբար 7.4%-ով եւ 2.4%-ով: Արդյունքում էապես դանդաղել է արդյունաբերության կուտակային աճի ցուցանիշը՝ հունվար-հուլիսին հասնելով 0.5%-ի: Ընդ որում, անկման պատճառներից է նաեւ մշակող արդյունաբերության նվազումը, որը հունիսին նախորդ տարվա հունիսի նկատմամբ նվազել է շուրջ 5.9%-ով: Արդյունաբերության ոլորտի՝ հատկապես մշակող արդյունաբերության բացասական դինամիկան խոսում է ՀՀ տնտեսության մրցունակության անկման մասին, որը պայմանավորված է նաեւ փոխարժեքի վարքագծի դրսեւորումներով»,- ասված է զեկույցում:Նշվում է, որ արտահանման աճի տեմպը նույնպես կտրուկ դանդաղել է: Արտահանման աճի տեմպի դանդաղումը առավելապես (շուրջ 11.3 տոկոսային կետով) պայմանավորված է «թանկարժեք եւ կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ եւ դրանցից իրեր» ապրանքախմբի արտահանման ծավալների աճի տեմպի դանդաղմամբ.«Վերջինս հանդիսանում է վերաարատահանման հիմնական ապրանքախումբը, եւ դրա աճի տեմպի նվազումը պայմանավորված է բազայի էֆեկտով: Սակայն հունվար-հունիս ամիսներին էապես դանդաղել է նաեւ «պատրաստի սննդի արտադրանք» ապրանքախմբի արտահանման ծավալների աճի տեմպը (կազմելով 17.7%՝ հունվար-մայիսի 35.5%-ի դիմաց): Այս ապրանքախմբի գծով զարգացումները չեն պայմանավորվում վերաարտահանման երեւույթով, հետեւաբար դրա նվազումը նույնպես վկայում է ՀՀ տնտեսության մրցունակության անկման մասին:Գնաճի տեմպը շարունակել է մնալ բացասական տիրույթում: Երկար ժամանակահատված բարձր գնաճից հետո՝ հունիս եւ հուլիս ամիսներին, գրանցվել է գնանկում, որը, բնականաբար, էապես ցածր է ԿԲ թիրախից: Թիրախից ցածր գնաճը նույնպես բացասական երեւույթ է տնտեսության համար: Գնաճի դանդաղումը հիմնականում պայմանավորված է ներմուծված ապրանքների գների անկմամբ: Այնուամենայնիվ, ՀՀ կենտրոնական բանկն արձագանքել է իրավիճակին՝ երկու անգամ (հունիսին եւ օգոստոսին) նվազեցնելով դրամավարկային քաղաքականության տոկոսադրույքը»:Վերլուծությունն ամբողջությամբ կարելի է կարդալ այստեղ: Tweet Դիտում՝ 2361